«26» հունվարի 2016թ.                                                                                                              ԻՎ-ե-7

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-931-11.01.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծով առաջարկվում է անշարժ գույքի գնահատողի որակավորման վկայականը դարձնել անժամկետ, ուստի վերանում է նաեւ վերանում է անշարժ գույքի գնահատողների վերաորակավորման անհրաժեշտությունը: Այդ առումով անհրաժեշտ ենք համարում ուժը կորցրած ճանաչել նաեւ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածը, քանի որ այն եւս վերաբերում է անշարժ գույքի գնահատողների վերաորակմանը: Հիշյալ առաջարկության ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա Օրենքի 5-րդ գլխի վերնագիրը դարձնել «Եզրափակիչ դրույթ»:

Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով իրավական ակտին ներկայացվող լիակատար լինելու պահանջից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)