«10» փետրվարի 2016թ.                                                                                 ԻՎ-ե-9




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-935-14.01.2016-ՏՏ-010/0), ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9351 -14.01.2016-ՏՏ-010/0), ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9352 -14.01.2016-ՏՏ-010/0), «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9353 -14.01.2016-ՏՏ-010/0), «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9354 -14.01.2016-ՏՏ-010/0), ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-9355 -14.01.2016-ՏՏ-010/0) եւ ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-9356 -14.01.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին», ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածին համապատասխան ներկայացված լինելու տեսանկյունից նշենք հետեւյալը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կցվում է տեղեկանք, որտեղ ներկայացվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածը: Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի լրացումներ եւ փոփոխություններ կատարվող հոդվածների մասին» տեղեկանքում որպես փոփոխվող հոդված նշված է գործող օրենսգրքի 157-րդ հոդվածը, որը համապատասխան նախագծով փոփոխության չի ենթարկվում:

Նույնը վերաբերում է նաեւ ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի լրացումներ կատարվող հոդվածների մասին» տեղեկանքում նշված՝ «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 16-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների վերաբերյալ հասարակության իրազեկումը, հանրային լսումների կազմակերպումը, անցկացումն ու արդյունքների ամփոփումն ապահովում է Երեւանի քաղաքապետը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեված չէ : Այսինքն՝ ստացվում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններինու դրանց պաշտոնատար անձանց համար ՀՀ օրենսդրությամբ կարող են վերապահվել որոշակի գործառույթներ, ինչը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերով:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ «Նախագծի 18-րդ հոդվածի 13-րդ մասին եւ 20-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սույն օրենքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն օրենքում» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն նույն հոդվածի 1-ին մասին:

3. Նախագծի 3-րդ հոդվածի միակ մասն անհրաժշետ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

4. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասում նշված «միմիայն» բառն անհրաժեշտ է փոխարինել «միայն» բառով՝ հիմք ընդունելով « Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 25-րդ հոդվածի 11-րդ մասին:

5. Նախագծի մի շարք դրույթներ կրկնում են «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի դրույթներին: Մասնավորապես՝ Նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասը կրկնում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, Նախագծի 23-րդ հոդվածը բովանդակային առումով կրկնում է ՀՀ հողային օրենսգրքի 14-րդ եւ 15-րդ գլուխներում շարադրված դրույթները, իսկ Նախագծի 23-րդ հոդվածի 4-րդ մասը՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետը:

6. Նախագծի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետում պարզ չէ, թե որոնք են այն «համապատասխան սահմանափակումները», որոնք ներառվելու են պատմաճարտարապետական հուշարձաններ ներառող կամ դրանց պահպանման գոտիներում նախատեսվող կառուցապատման կամ արդիականացման տարածքների՝ «Փոքր կենտրոնի» քաղաքաշինական զարգացման ռազմավարության բովանդակային հիմնադրույթներում:

7. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասում հղում է կատարվում «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգին, որը վերաբերում է բարձր եւ բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների շինարարական աշխատանքներից բխող ռիսկերը պարտադիր կարգով ապահովագրությանը: Մինչդեռ նշված օրենքում նման կարգ առկա չէ: Ուստի առաջարկում ենք համապատասխան լրացում նախատեսել նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

8. ««Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող «զա» կետն առաջարկում ենք խմբագրել այնպես, որ լրացվող տեքստը շարունակի «Կառուցապատողները պարտավոր են՝» արտահայտությունը:

9. ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «20.2-րդ» բառը կրկնվում է:

10. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվող լրացման տեքստը հանել փակագծերից:

11. ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել «եւ փոփոխություններ» բառերը, քանի որ այս նախագծով կատարվում են միայն լրացումներ:

12. ««Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում առաջարկում ենք «չափը» բառը փոխարինել «չափից» բառով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)