«26» փետրվարի 2016թ.                                                                                                       ԻՎ-ե-15

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-941-04.02.2016-ԳԿ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը:

Նույն օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ , նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով :

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ ելնելով «(այսուհետ՝ Օրենսգիրք)» ավելորդ բառերը Նախագծից հանելու անհրաժեշտությունից՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի շարադրանքը սկսել հետեւյալ կերպ.

«Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-62-Ն օրենքը 15-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ.»:

2. Առաջարկում ենք Նախագծի «կուսակցության կառավարման մարմինների» բառերը փոխարինել «կուսակցության ղեկավար մարմինների» բառերով, քանի որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում (5-րդ հոդվածի 3-րդ մաս) օգտագործվում է «կուսակցության ղեկավար մարմիններ» արտահայտությունը:

3. Նախագծի հոդվածների համարակալումը ճշգրտելու նպատակով առաջարկում ենք Նախագծի «Հոդված 4 » բառերը փոխարինել «Հոդված 2 » բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)