«26» փետրվարի 2016թ.                                                                                                ԻՎ-ե-14

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-943-05.02.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ ը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագիծը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքին այլեւս հղում չի պարունակում:

2. Նախագծի 1-ին հոդվածի «Հոդված 5.1» բառերից հետո առաջարկում ենք դնել միջակետ, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հոդվածների համարները տեքստից բաժանվում են միջակետով:

3. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացումից պարզ չէ «պարտադիր կանխարգելիչ բժշկական քննություն» արտահայտության իրավական բովանդակությունը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում է հանդիսանում բնակչությանը կանխարգելիչ բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումը:

Հարկ ենք համարում նաեւ նշել, որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակների շարքին է դասել նաեւ բնակչության առողջության պահպանման եւ բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ եւ մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը: Միաժամանակ, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի նախաբանի համաձայն. «Սույն օրենքը սահմանում է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման, իրավական, տնտեսական եւ ֆինանսական հիմունքները»: Նույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում է հանդիսանում բնակչությանը կանխարգելիչ բուժական , դեղորայքային օգնության ցուցաբերումը, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացումը, հարբժշկական եւ ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումը: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առողջապահական պետական նպատակային ծրագրեր են հանդիսանում ամենամյա ծրագրերը, որոնք ուղղված են բնակչության առողջության պահպանմանը եւ որոնց ֆինանսավորումն արտահայտված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: Առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագիրը պետական բյուջեի նախագծի կազմում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում է Ազգային ժողով: Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը եւ զարգացումը, որի ծավալները որոշվում են առողջապահության պետական նպատակային ծրագրերին համապատասխան:

Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների ցանկը եւ կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ 3-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում են նաեւ արտահիվանդանոցային ձեւով, երբ դրա իրականացման համար չեն պահանջվում հիվանդանոցային պայմաններ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող լրացման նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ նաեւ սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում, ՀՀ քաղաքացիների պարտադիր կանխարգելիչ բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված հարաբերությունները կարգավորված են «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով եւ նշված օրենքի հիման վրա ընդունվող առողջապահության պետական նպատակային ամենամյա ծրագրերով, որոնք իրականացվում են բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)