«09» մարտի 2016թ.                                                                                                                 ԻՎ-ե-24

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-944-09.02.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն. «Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ սեփականատիրոջ անչափահաս երեխայի/ների/ սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանի, շրջանառությունից հանված գույքի, պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված պահանջների՝ ներառյալ ալիմենտի, կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման պահանջների, եւ այն իրավունքների, որոնց զիջելն այլ անձի արգելված է օրենքով»: Ի տարբերություն գործող կարգավորման՝ ստացվում է, որ գրավի առարկա չի կարող լինել նաեւ սեփականատիրոջ անչափահաս երեխայի/ների/ սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանը:

Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նշված փոփոխությունը պայմանավորվում է հետեւյալ հանգամանքով. «ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածը յուրաքանչյուր քաղաքացու համար բնակարանի անձեռնմխելիության իրավունք է երաշխավորում: Այս իրավունքն այսօր չի գործում անչափահաս (այդ թվում փոքրահասակ) քաղաքացիների պարագայում: Նրանց համաձայնությամբ կամ առանց համաձայնության սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանները դրանց չափահաս բնակիչների (սեփականատերերի) կողմից գրավադրվում են բանկերին կամ ֆինանսական այլ հաստատություններին: Արդյունքում խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալուսահմանադրական իրավունքը»:

Այդ կապակցությամբ նշենք, որ ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք»: Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը դասվում է մարդու քաղաքացիական (անձնական) իրավունքների շարքին, որոնք կոչված են ապահովելու մարդու, որպես անհատի, կյանքի, արժանապատվության, ազատության եւ նրա մասնավոր կյանքի հետ կապված այլ իրավունքների պահպանությունը: Ոչ ոք իրավունք չունի առանց օրինական հիմքերի մտնել ուրիշի բնակարան կամ այնտեղ մնալ բնակվող անձի կամքին հակառակ: Բնակարանի անձեռնմխելիությունն այնպիսի հատուկ վիճակ է, որը երաշխավորում է տվյալ փակ տարածքում (բնակարանում) մարդու լիահարմար, կողմնակի միջամտությունից անկախ բնակությունը, բնական-անհրաժեշտ գործողությունների իրականացումը, մարդու մասնավոր եւ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկատվության (գաղտնիքի) ամբողջականությունն ու պաշտպանվածությունը, ինչպես եւ զերծ է պահում մասնավոր եւ ընտանեկան գաղտնիք կազմող տվյալների ապօրինի որոնումից, հավաքումից եւ տարածումից: Բնակարանի անձեռնմխելիությունը Սահմանադրության 32-րդ հոդվածի իմաստով ենթադրում է նախ եւ առաջ «ֆիզիկական» անձեռնմխելիություն, այսինքն՝ առանց օրինական հիմքերի` «բնակարան» կոչվող փակ տարածք ֆիզիկապես մուտք գործելու անթույլատրելիություն:

ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով »: ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով: Սահմանափակման ձեւը օրենքն է, որը պետք է հստակ սահմանի այդ սահմանափակումների իրավական ձեւակերպումը եւ ապահովի սահմանափակման անհրաժեշտության պատշաճ հիմնավորումը: Հետեւաբար՝ Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն տեսակետը, որ բնակարանի անձեռնմխելիության իրավունքը (անչափահասների, այդ թվում՝ փոքրահասակ քաղաքացիների) չի գործում, նրանց համաձայնությամբ կամ առանց համաձայնության սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանները դրանց չափահաս բնակիչների (սեփականատերերի) կողմից գրավադրվում են բանկերին կամ ֆինանսական այլ հաստատություններին , արդյունքում խաթարվում է անչափահաս քաղաքացու բնակարան ունենալուսահմանադրական իրավունքը, ինչից, ըստ Նախագծի հեղինակի, խախտվում է անչափահասների բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, անհիմն է, քանի որ «բնակարանի անձեռնմխելությունը» տարբերվում է օրինական տիրապետողի սեփականությունը համարվող անշարժ գույքի անձեռնմխելիությունից եւ տվյալ դեպքում գործ ունենք, ոչ թե բնակարանի անձեռնմխելիության հետ, այլ սեփականության անձեռնմխելիության հետ: Այսինքն՝ բանկերում կամ ֆինանսական այլ հաստատություններում բնակարանը գրավ դնելը, որեւէ կերպ չի առնչվում բնակարանի անձեռնմխելիության ինստիտուտի հետ:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ անչափահասների համաձայնությամբ կամ առանց նրանց համաձայնության անչափահասների սեփականության կամ օգտագործման իրավունքով ծանրաբեռնված բնակարանները բնակարանի սեփականատերը (չափահաս սեփականատերը) գրավադրում է բանկերում կամ այլ ֆինանսական հաստատություններում, նշենք, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք »:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասը, սահմանելով, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք, ամրագրում է սեփականության իրավունքի բովանդակությունը կազմող իրավազորությունների ամբողջությունը:

Տիրապետումը՝ գույքի գտնվելն է սեփականատիրոջ տնտեսությունում, նրա փաստացի տնտեսական իշխանության ներքո: Տիրապետման իրավազորությունը գույքն իր տնտեսական իշխանության ներքո, սեփական տնտեսությունում պահելու` օրենքի վրա հիմնված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքի էությունն այն է, որ գույքն իր սոցիալ-տնտեսական նշանակությամբ ծառայեցնելու միջոցով տիրապետողները դրանից ստանում են արտադրական, կենցաղային, մշակութային եւ այլ պահանջմունքների բավարարում, տարբեր տեսակի օգուտներ, պտուղներ եւ եկամուտներ:

Տնօրինման իրավազորությունը՝ սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում գույքի նկատմամբ իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու միջոցով, գույքի իրավական եւ փաստացի ճակատագիրը որոշելու իրավունքն է: Այս իրավազորությունն է, որ սեփականատիրոջը հնարավորություն է տալիս իր գույքը վաճառել, նվիրել, գրավ դնել եւ այլն: Տնօրինման իրավազորությունը, որպես կանոն, իրականացնում է միայն սեփականատերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն.

«1. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:

2. Վեցից մինչեւ տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`

1) մանր կենցաղային գործարքներ.

2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.

3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ»:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 30-րդ հոդվածի համաձայն.

«1. Տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասները կարող են գործարքներ կնքել իրենց օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությամբ :

Այդպիսի անչափահասի կնքած գործարքը վավեր է նաեւ նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի՝ հետագայում տված գրավոր հավանության դեպքում»: Նույն հոդվածի 2-րդ մասում սպառիչ նշված են տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասների կողմից կնքվող գործարքները՝ առանց իրենց օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության:

Հետեւաբար՝ վեցից մինչեւ տասնչորս տարեկան փոքրահասակները եւ տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասները առանց ծնողների (օրինական ներկայացուցիչների) գրավոր համաձայնության չեն կարող կնքել անշարժ գույքի գրավադրման գործարքներ:

Հիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ անչափահաս (փոքրահասակ) քաղաքացիների սեփականության իրավունքի իրականացումը՝ անչափահասին (փոքրահասակին)սեփականության իրավունքով պատկանող գույքը գրավ դնելը (գույքի ճակատագիրը որոշելը), օրենքի ուժով կատարվում է նրա օրինական ներկայացուցիչների միջոցով (համաձայնությամբ), իսկ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ անչափահասը (փոքրահասակը), ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք, իսկ նշված իրավունքը իրականացվում է նրա օրինական ներկայացուցիչների միջոցով:

Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ անչափահասը (փոքրահասակը) ունի սեփականության իրավունքով իր օրինական ներկայացուցչին պատկանող գույքի (բնակարանի) օգտագործման իրավունք, եւ առանց իր համաձայնության այն չպետք է գրավ դրվի, ապա այդ առնչությամբ հայտնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ գույքի սեփականատերն ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք , ինչը ենթադրում է, որ գույքի հետագա ճակատագիրը որոշում է միայն սեփականատերը, քանի որ «իր հայեցողությամբ տնօրինելու իրավունքը » նշանակում է սեփականատիրոջ կողմից օրենքով նախատեսված շրջանակներում գույքի նկատմամբ իրավահարաբերություններ առաջացնելու, փոփոխելու կամ դադարեցնելու միջոցով, գույքի իրավական եւ փաստացի ճակատագիրը որոշելը :

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխության համաձայն՝ պետական (գանձապետական) անվանական արժեթղթերը գրավի առարկա են՝ ի տարբերություն գործող կարգավորման, որի համաձայն. «Գրավի առարկա կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում` գույքային իրավունք (պահանջ), բացառությամբ պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերի, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերը գրավադրման ենթակա չեն»: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 149-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն. «Պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով կնախատեսվեն, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, այդպիսի արժեթղթերով հավաստված իրավունքները կարող են փոխանցվել միայն համապարփակ իրավահաջորդության, բռնագրավման եւ բռնագանձման դեպքերում»: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն. «Գրավի իրավունքըգրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար»: Ստացվում է, որ պետական (գանձապետական) անվանական այն արժեթղթերը, որոնց թողարկման պայմաններով նախատեսվում են, որ այդ արժեթղթերով հավաստված իրավունքները ենթակա չեն փոխանցման, փոխանցվում են գրավառուին, ինչը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 149-րդ հոդվածի պահանջներին:

3. Նախագծի 1-ին հոդվածում անհրաժեշտ է ճիշտ նշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրիվ անվանումը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջները, որոնց համաձայն. «Օրենսգրքի լրիվ անվանումը հիշատակելիս դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաստանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման օրը եւ օրենսգրքի վերնագիրը»:

Նույն հոդվածում նշված «կետը» բառն անհրաժեշտ է փոխարինել «մասը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                          Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)