«09» մարտի 2016 թ.                                                                                                              ԻՎ-ե-19

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-946-09.02.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «փոփոխություն» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություններ» բառով, քանի որ Նախագծում, ըստ էության, կատարվում է երկու փոփոխություն: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներից, ըստ որոնց՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի թիվը ճիշտ նշելու համար առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-308-ն» բառերը փոխարինել «ՀՕ-308» բառերով:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «առաջին» բառը փոխարինել «1-ին» բառով:

4. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օր» բառերը փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Ավագյան (հեռ. 011-513-650)

Լ. Աբովյան (հեռ. 011-513-485)