31 մարտի 2016թ.
ԻՎ-ե-31


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-959-03.03.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածում սահմանված տուգանք պատժի տեսակը հանվում է: Այսինքն՝ Նախագծով առաջարկվում է  կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար սահմանել պատիժ միայն ազատազրկման ձեւով` երկուսից երեք տարի ժամկետով, ինչը չի բխում ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածով ամրագրված պատժի համաչափության սկզբունքի պահանջներից, որի համաձայն՝ օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության եւ պատասխանատվության անհատականացման սկզբունքի պահանջներից, որի համաձայն՝  հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար: Հիշյալ նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ պատժի համաչափությունն ու արդարությունն իրականացվում են համապատասխան պատժի նշանակման ինստիտուտի շնորհիվ: Հանցանք կատարած անձի նկատմամբ պետք է նշանակվի արդարացի պատիժ, որն անհրաժեշտ ու բավարար է նրան ուղղելու եւ վերջինիս կողմից նոր հանցանքների կատարումը կանխելու համար: Նշանակված պատժի արդարացիության ապահովման համար պետք է հաշվի առնել պատասխանատվության անհատականացման հետեւյալ հիմքերը՝ արարքի հանրային վտանգավորության բնույթը եւ աստիճանը, մեղավորի անձնավորությունը, մեղմացնող եւ ծանրացնող բոլոր հանգամանքները: Պատժի անհատականացման համար կարեւոր նշանակություն ունեն նաեւ համապատասխան քրեաիրավական սանկցիաները, որոնք կրում են որոշակի կամ այլընտրանքային բնույթ (նախատեսվում են պատժի ոչ թե մեկ, այլ մի քանի տեսակներ): Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածը նույնպես նախատեսում է պատժի մի քանի տեսակ՝ տուգանք, որոշակի ժամկետով ազատազրկում, որոնք համաչափ են ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով սահմանված արարքին եւ անհրաժեշտ ու բավարար են հանցանք կատարած անձին  ուղղելու եւ նոր  հանցագործությունները կանխելու համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը հայտնում ենք, որ  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածում սահմանված «տուգանք» պատժի տեսակը հանելը չի բխում ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի եւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի պահանջներից:

Բացի այդ՝ անհրաժեշտ է նշել, որ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար նախատեսված հիմնական պատիժների ցանկից տուգանքը հանելը կհակասի ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությանը, քանի որ դրա մի շարք հոդվածներում (հոդված 182՝ շորթում, հոդված 200՝ առեւտրային կաշառք, հոդված 213՝ վաշխառություն, հոդված 226՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը եւ այլն), որոնցով սահմանված ազատազրկման չափն ավելի մեծ է, քան 213-րդ հոդվածում, որպես հիմնական պատժատեսակ նշված է նաեւ տուգանքը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
 
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ` 
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

                           Մ. Վասիլյան (հեռ. 011-513-273)

                           Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)

                           Ա. Քոչարյան (հեռ. 011-513-248)