«22» ապրիլի 2016թ.
ԻՎ-ե-43

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-969-25.03.2016-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Կենդանիների նկատմամբ պատասխանատու  վերաբերմունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 17-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ պետական մարմինները կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում ունեն օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ, իսկ Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում տեղական ինքնակառավարման մարմինները կենդանիների նկատմամբ վերաբերմունքի ոլորտում ունեն օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ: Այդ առումով հիշյալ դրույթները չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որոնց համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է նաեւ բնական ազատության վիճակում բնակվող վայրի կենդանիների նկատմամբ վերաբերմունքի շուրջ հարաբերությունները, Նախագծի կարգավորման առարկան չէ եւ արդեն իսկ կարգավորված է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով, որի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման պետական քաղաքականությունը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ կենդանիների նկատմամաբ դաժան վերաբերմունքի շուրջ առաջացած խնդիրները կարգավորվում են քրեական օրենսդրությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով: Հիշյալ նորմից բխում է, որ «կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը» հանցագործություն է եւ պատժելի է ՀՀ քրեական օրենսգրքով, ինչպես նաեւ  ««Կենդանիների նկատմամբ պատասխանատու  վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծով: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասից բխում է, որ քրեական օրենքի կիրառումն անալոգիայով թույլատրվում է, ինչը չի բխում ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքի պահանջներից, որի համաձայն. «Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են միայն քրեական օրենքով: Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»: Հարկ ենք համարում նաեւ նշել, որ գործող ՀՀ քրեական օրենսգրքում «կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք» հանցակազմ գոյություն չունի:

3. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում նշված «ազդեցութունը» բառն անհրաժեշտ է փոխարինել «գործողությունը» բառով, քանի որ խոսքը օրենքի գործողության մասին է:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը եւ 1-ին մասի կետերն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանարպետության օրենքները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 3-րդ, 4-րդ, 10-րդ, 17-րդ եւ 18-րդ հոդվածներին:

5. Նախագծի 2-րդ հոդվածում նշված են մի շարք տերմինների հասկացությունները սահմանված չեն, ինչը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է «Կենդանիներ», «ծառայողական կենդանիներ», «բնական ազատության վիճակում բնակվող վայրի կենդանիներ» եւ այլ հասկացություններին:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում կիրառվող «ցավ պատճառող ձեւով» հասկացությունը միանշանակ չի ընկալվում: Այդ առումով պարզ չէ, թե ինչ չափանիշներով է որոշվելու կենդանուն պատճառվել է ցավ, թե ոչ:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «անտանելի ցավ» հասկացությանը:

 Նույն մասի 9-րդ կետում, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում պարզ չէ, թե ինչ «հատուկ իմացությունների» մասին է, որոնք պետք տիրապետեն ֆիզիկական եւ իրավաբանական անձինք: Պարզ չէ նաեւ Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում նշված «համապատասխան վայրեր» եզրույթի իրավական բովանդակությունը: Մասնավորապես՝ հստակ չէ, ինչ համապատասխան վայրերի մասին է խոսքը, ուր կծոց հասցրած կենդանին պետք է տեղափոխվի:

7. Նախագծի 4-րդ հոդվածում նշված «այլ իրավական ակտերով» հասկացությունն իր մեջ ներառում է նույն հոդվածում կիրառվող «սույն օրենքին համապատասխան ընդունվող, փոփոխվող կամ լրացվող իրավական ակտերով» հասկացությունը: Ուստի «սույն օրենքին համապատասխան ընդունվող, փոփոխվող կամ լրացվող իրավական ակտերով» բառերն անհրաժեշտ է հանել:

8. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «պետական պատկան կառույցներ», իսկ նույն հոդվածի 2-րդ մասում, ինչպես նաեւ Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասում կիրառվում է «պետական պատկան մարմիններ» հասկացությունը: Այդ առումով հայտնում ենք, որ ՀՀ գործող օրենքներով «պետական պատկան կառույցներ» եւ «պետական պատկան մարմիններ» հասկացություններ չեն  կիրառվում: Հետեւաբար՝ եթե խոսքը հանրապետական գործադիր մարմինների մասին է, ապա անհրաժեշտ է կիրառել «լիազոր մարմին» կամ «իրավասու մարմին» հասկացությունը:

9. Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում հասարակական կազմակերպությունների համար, ըստ էության, սահմանված է պարտականություն մասնակցելու կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ոլորտում լուսավորչական գործունեությանը, օրենքների եւ այլ իրավական ակտերի նախագծերի, կենդանիների նկատմամբ վերաբերմունքին առնչվող պետական ծրագրերի քննարկմանը, պետական ծրագրերի նկատմամբ հանրային վերահսկողությանը, ինչպես նաեւ այլ միջոցառումների իրականացմանը: Հայտնում ենք, որ նշված դրույթներում խոսքը պետք է գնա հասարակական կազմակերպությունների իրավունքների մասին, այլ ոչ թե պարտականությունների մասին, քանի որ նախագծերի, ծրագրերի կամ այլ միջոցառումների իրականացմանը հասարակական կազմակերպությունը պետք է մասնակցություն ունենա կամավորության սկզբունքով:

Բացի այդ՝ հստակ չէ, թե նշված հոդվածի 4-րդ մասում ինչ «այլ միջոցառումների» մասին է, որ հասարակական կազմակերպությունը պարտավոր է մասնակցել:

10. Նախագծի 5-րդ հոդվածի 5-րդ մասում «քաղաքացիական օրենսդրությանը» կատարված հղումն անորոշ է եւ հստակեցման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է Նախագծի 7-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «իրավական ակտերով սահմանված» հղմանը, ինչպես նաեւ Նախագծի 15-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «առնչվող ոլորտների օրենսդրության» հղմանը:

11. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալումը վերանայման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի կետերի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի, 14-րդ հոդվածի 4-րդ մասի կետերի, 15-րդ հոդվածի 1-ին մասի կետերի եւ 16-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի համարակալմանը:

12. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն անհրաժեշտ է նախատեսել նույն մասով՝ նկատի ունենալով նշված մասերի կարգավորման առարկան, այն է՝ նշված հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը վերաբերում են կենդանիներին վերաբերվելիս արգելքների սահմանմանը:

Նույնը վերաբերում է Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերին:

13. Նախագծի 10-րդ հոդվածում հստակ չէ «նրանց նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք» տերմինի իրավական բովանդակությունը:

14. Նախագծի 9-րդ եւ 11-րդ հոդվածների վերնագրերում նշված «արգելք» բառն անհրաժեշտ է փոխարինել «արգելքը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

15. Նախագծի 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ 18 տարին չլրացած անձանց կողմից ագրեսիվ մարտական ցեղատեսակների շներ պահելն արգելվում է: Նրանք չեն կարող ձեռք բերել ագրեսիվ մարտական ցեղատեսակների շներ սեփականության իրավունքով կամ համարվել դրանց համար պատասխանատու անձինք: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ եւ 30-րդ հոդվածների պահանջները: Այսպես՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վեցից մինչեւ տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել մանր կենցաղային գործարքներ կամ նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ: Նույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասները, առանց ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իրավունք ունեն կնքել կենցաղային մանր գործարքներ եւ սույն օրենսգրքի 29 հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ գործարքներ: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան անչափահասներն ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին համապատասխան կնքված իրենց գործարքներով: Այդպիսի անչափահասներն իրենց պատճառած վնասի համար պատասխանատվություն են կրում սույն օրենսգրքին համապատասխան: Հիշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ 18 տարին չլրացած անչափահասները կարող են կնքել նոտարական վավերացում չպահանջող գործարքներ, ավելին տասնչորսից մինչեւ տասնութ տարեկան ինքնուրույն գույքային պատասխանատվություն են կրում իրենց կողմից կնքված նոտարական վավերացում չպահանջող գործարքներով: Հետեւաբար՝ 18 տարին չլրացած անչափահասը կարող է ձեռք բերել ագրեսիվ մարտական ցեղատեսակների շներ սեփականության իրավունքով, իսկ 14-ից 18 տարեկան անչափահասը նաեւ կրել գույքային պատասխանատվություն: Մինչդեռ Նախագծով նման արգելքների սահմանումը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ եւ 30-րդ հոդվածների պահանջներից:

16. Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասում պարզ չէ «հանրային վայրեր» հասկացության իրավական բովանդակությունը: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 14-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «հանրային եւ այլ կենդանիներ» հասկացությանը:

17. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետն խմբագրման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Նույն հոդվածի 8-րդ մասում նշված «ԶԼՄ» հապավումն անհրաժեշտ է բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի հավելվածի վերնագրի «ՀՀ» հապավմանը:

Նշված մասում պարզ չէ, թե ինչ «այլ տարբերակների» մասին է խոսքը, որով բնակչությանը պետք է տեղեկացվի թափառող կենդանիներին բռնելու նախատեսված միջոցառումների մասին:

18. Նախագծի 16-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «կացարանը պարտավոր է ապահովել կենդանաբուժական զննում», 7-րդ մասի համաձայն՝ «կացարանը պարտավոր է վարել ժամանած կենդանիների հաշվառում», իսկ 8-րդ մասի համաձայն՝ «կացարանն իրավունք ունի կենդանուն կացարանում պահելու ծախսերի փոխհատուցման»: Այդ առումով պարզ չէ «կացարանի» իրավական կարգավիճակը՝ անհատ ձեռնարկատեր, իրավաբանական անձ, ուստի կացարանը՝ որպես գույք, քաղաքացիական իրավունքի սուբյեկտ չի կարող համարվել:

19. Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում «վերահսկողություն» բառն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով Նախագծի 19-րդ հոդվածի վերնագրի պահանջները:

20. Նախագծի 7-րդ գլխի վերնագրում նշված «ԱՄՓՈՓԻՉ» բառն անհրաժշետ է փոխարինել «ԵԶՐԱՓԱԿԻՉ» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջները:

21. Նախագծի 20-րդ հոդվածը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի պահանջներին եւ անհրաժեշտ է հանել, քանի որ նշված հոդվածով նախատեսված դրույթներն իրենց բնույթով չեն հանդիսանում եզրափակիչ կամ անցումային դրույթներ: Միաժամանակ նշված հոդվածով կարգավորվող հարաբերությունները օրենքի կարգավորման առարկա չեն ու դրանք անհրաժեշտ է նախատեսել Նախագծի «հիմնավորում» տեղեկանքում:

22. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասն անհրաժեշտ է հանել, քանի որ նշված հոդվածի վերնագրից բխում է, որ 21-րդ հոդվածով կարգավորվելու են օրենքի պահանջները չպահպանելու դեպքում պատասխանատվության հետ կապված հարաբերությունները, մինչդեռ Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է տիրապետողների՝ կենդանիներին պահելու պատասխանատվությանը:

23. Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ պաշտոնատար անձինք կրում են կարգապահական, քրեական պատասխանատվություն: Կարգապահական պատասխանատվության մասով հայտնում ենք, որ պարզ չէ ինչ կարգապահական պատասխանատվության մասին է խոսքը՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծում առկա չեն դրույթներ կարգապահական տույժեր կիրառելու մասին, պարզ չէ նաեւ, թե նշված անձինք որ դեպքերում եւ ինչ հիմքերի առկայության դեպքում են ենթարկվելու  կարգապահական պատասխանատվության:

Քրեական պատասխանատվության մասով հայտնում ենք, որ նշված դրույթը չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված օրինականության սկզբունքի պահանջներին, որի համաձայն. «Արարքի հանցավորությունը, դրա պատժելիությունը եւ քրեաիրավական այլ հետեւանքները որոշվում են միայն քրեական օրենքով: Քրեական օրենքն անալոգիայով կիրառելն արգելվում է»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:
 
 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`
Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)