«06» հունիսի 2016թ.                                                                                                           ԻՎ-ե-58

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-998-06.05.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Նույն հոդվածի նույն մասը սահմանում է նաեւ, որ հոդվածների կետերի համարները տեքստից բաժանվում են փակագծերով:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի բոլոր հոդվածների մասերը համարակալել, իսկ 2-րդ հոդվածի բոլոր կետերը տեքստից բաժանել ոչ թե միջակետով, այլ փակագծով:

2. Նախագծով նախատեսվում են դրույթներ, որոնցով սահմանվում են հարկային արտոնություններ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեության համար: Այդ առումով պարզ չէ, թե ինչ հանգամանքով է պայմանավորված միայն Գյումրի քաղաքի համար հարկային արտոնություններ սահմանելը, կամ ինչ հանգամանքով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության՝ աղետի գոտի համարվող այլ վարչատարածքային միավորների նկատմամբ նման տարբերակված մոտեցում ցուցաբերելը:

3. Անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ գործող հարկային օրենսդրությունն արդեն իսկ նախատեսում է մի շարք հարկային արտոնություններ: Մասնավորապես՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ ներմուծվող ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծվող ապրանքների համար ՀՀ սահմանին հաշվարկվող ԱԱՀ-ի գումարները հետաձգվում են մինչեւ 3 տարի ժամկետով: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով:

4. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերին եկամտային հարկի (ի դեպ, Նախագծի 5-8-րդ հոդվածներում օգտագործվում է սխալ «եկամտահարկ» տերմինը) վճարումից ազատելը խախտում է անհատ ձեռնարկատերերի պետական կենսաթոշակային ապահովությունից օգտվելու իրավունքը՝ հաշվի առնելով այն, որ եկամտային հարկ վճարելու հանգամանքով է պայմանավորված անհատ ձեռնարկատերերի աշխատանքային ստաժի հաշվարկումը՝ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների, որոնց համաձայն՝ 2013 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների՝ անձը ստացել է աշխատավարձ (եկամուտ), եւ անձը վճարել է եկամտային հարկ:

5. Հարկ ենք համարում նշել, որ ներկայացված նախագիծը բովանդակային առումով կրկնում է «Շիրակի մարզի համայնքներում եւ Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-790-18.05.2015-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի դրույթները, որի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունն արդեն իսկ ներկայացրել է եզրակացություն իր՝ 2015 թվականի հունիսի 16-ի ԻՎ-ե-71 թվակիր գրությամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                            Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)