25 մայիսի 2016 թ.                                                                                                   Իվ-ե-51

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1004-10.05.2016-ՖՎ-010/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10041 -10.05.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով:

Վերոհիշյալ դրույթներին համապատասխանության ապահովման առումով առաջարկում ենք ««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին, 6-րդ եւ 10-րդ հոդվածներում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով, 3-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» եւ 8-րդ հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերը հանել, իսկ 4-րդ հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով:

2. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20.1-ին հոդվածի 7-րդ մասի 1-ին կետը լիազորված մարմնի կողմից վկայական տալու մերժման հիմք է համարում հայտատուի ներկայացրած փաստաթղթերի ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված լինելը: Առաջարկում ենք այս ձեւակերպումից «ակնհայտ» բառը հանել, քանի որ փաստաթղթերի կեղծ կամ խեղաթյուրված լինելն ինքնին պետք է վկայական տալու մերժման հիմք լինի:

3. Նախագծի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 20.3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ վկայականի գործողությունը դադարեցվում է … օրենքով նախատեսված այլ դեպքերում: Այս ձեւակերպումից պարզ չէ, թե որոնք են այդ դեպքերը եւ ինչու տեղ չեն գտել հենց այդ մասում:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վկայականի գործողության դադարեցման մասին մասնագիտացված կառույցի դիմումը կարող է մերժվել, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենքով : Այսպիսի ձեւակերպումը նույնպես անորոշություն է պարունակում:

4. Առաջարկում ենք համարակալել Նախագծի 6-րդ հոդվածով Օրենքի 23-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասը: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասից, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Առաջարկում ենք նույն հոդվածի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք» բառերը փոխարինել «յուրաքանչյուր ոք» բառերով: Բացի այդ՝ առաջարկում ենք աուդիտորների որակավորման քննությանը մասնակցելու հնարավորություն տալ գոնե բարձրագույն կրթություն ունեցող անձանց:

5. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 26.2-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «այլ դեպքերում» բառերը փոխարինել «կարգով եւ ժամկետում չի վճարել պետական տուրքը» բառերով: Այս փոփոխության կատարման արդյունքում կաստացվի, որ «Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի վճարել պետական տուրքը»: Ինչպես տեսնում ենք, այս ձեւակերպումից պետական տուրք վճարող սուբյեկտը «դուրս է մնում»: Հետեւաբար, առաջարկում ենք ոչ թե Օրենքի 26.2-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «այլ դեպքերում» բառերը փոխարինել «կարգով եւ ժամկետում չի վճարել պետական տուրքը» բառերով, այլ Օրենքի 26.2-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ե) հայտատուն օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չի վճարել պետական տուրքը:»:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)