«06» հունիսի 2016թ.                                                                                                               ԻՎ-ե-59

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1005-10.05.2016-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատսխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ «... ընտրական օրենսգրքով առաջարկվում է Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացնել Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով, ուստի անհրաժեշտէ Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության եւ ձեւավորման առանձնահատկությունները սահմանել առանձին օրենքով»:

ՀՀ Սահմանադրության 187-րդ հոդվածի համաձայն՝ Երեւանում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:

Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկություններն օրենքով սահմանելու մասին ՀՀ Սահմանադրությունը չի նշում, եւ այն հանգամանքը, որ ընտրական օրենսգրքով առաջարկվում է Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացնել Երեւան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով, ինքնին չի առաջացնում Գյումրի եւ Վանաձոր քաղաքների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության եւ ձեւավորման առանձնահատկություններն առանձին օրենքով սահմանելու անհրաժեշտություն:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ Նախագիծը բովանդակային առումով կրկնում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Քանի որ Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չենք ներկայացնում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)