«15» հունիսի 2016թ.                                                                                                               ԻՎ-ե-64

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1009-18.05.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններինհամապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «լրացում» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն եւ լրացումներ» բառերով, քանի որ Նախագծով առաջարկվում են մեկ փոփոխություն եւ երկու լրացումներ:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում առաջարկում ենք «ա» կետից առաջ լրացնել «1-ին մասի» բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածի 3-րդ մասի պահանջները:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվող լրացմամբ նախատեսվում է, որ եթե համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատների բաշխմանը մասնակցած կուսակցության անվանումը` առանց վերակազմակերպման փոխվել է, ապա այդ կուսակցության առաջադրմամբ ընտրված պատգամավորների միավորմամբ ստեղծված խմբակցությունը կարող է փոխել իր անվանումը` կրելով կուսակցության նոր անվանումը:

Նշված դրույթն ընդունվելու դեպքում բաց է մնում կուսակցության վերակազմակերպման արդյունքում խմբակցության անվանման հարցը:

5. Նախագծով լրացվող՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3.1-ին մասով նախատեսված կանոնն առաջարկում ենք տարածել նաեւ կուսակցությունների դաշինքների վրա:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Մ. Վասիլյան (հեռ. 011-513-248)

Գ. Հովսեփյան (հեռ. 011-513-616)

Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)