«15» հունիսի 2016թ.                                                                                                          ԻՎ-ե-66

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1011-18.05.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «1998թ. նոյեմբերի 30-ի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1998 թվականի հոկտեմբերի 27-ի» բառերով՝ ճիշտ նշելու համար «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի լրիվ անվանումը:

2. Նախագծ ի 1-ին հոդվածում նշված «լրացնել հետեւյալ պարբերությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «լրացնել նոր պարբերությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր պարբերություններ լրացնելու միջոցով:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ մարտական գործողությունների մասնակից զինծառայողները ենթակա են պարտադիր պետական սոցիալական ապահովագրության , ծառայության ավարտից առնվազն երեք տարի ժամկետով:

Սոցիալական պահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ օրենսդրության մեջ «պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն» հասկացություն չկա:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ զինծառայության ընթացում մարտական գործողությունների մասնակցելիս, զինծառայողները բազմաթիվ առողջական, հոգեկան, ֆիզիական խնդիրներ են ձեռքբերում, որոնց հետեւանքները դեռ երկար ուղեկցում են նրանց՝ բնականոն կյանքին վերադառնալիս զորացրվելուց հետո:

Այդ առումով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ զինծառայողներին հավասարեցված անձինք են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները , այդ թվում՝ երկրապահ կամավորականները, նրանց վրա տարածվում են սույն օրենքի 29-րդ (երրորդ մաս), 33-րդ (երկրորդ, երրորդ եւ չորրորդ մաս), 34-րդ (չորրորդ մաս), 37-րդ (երրորդ մասի «ա» կետ), 38-րդ, 39-րդ, 40-րդ հոդվածներով նախատեսված դրույթները:

Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Աշխատողների թվակազմի կամ հաստիքների կրճատման ժամանակ այլ հավասար պայմանների դեպքում, զինված ուժերի շարքերից սահմանված կարգով արձակվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, զինծառայողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտվում են աշխատանքում թողնվելու նախապատվության իրավունքից»:

Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն. «Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաեւ բուժման վայր մեկնելու եւ վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների` այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` զինծառայողներին հավասարեցված անձինք, ինչպես նաեւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով»:

Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող զինծառայողները, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքը (ամուսինը, ծնողները, ինչպես նաեւ ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անդամները) oգտվում են ջրահեռացման, աղբահանության եւ ռադիոյի բաժանորդային վարձերը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից»:

Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն. «Պետությունը երաշխավորում է`

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով »:

Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն. «Սույն օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին եւ նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով ստացված եկամուտները, ինչպես նաեւ պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) պաշտոնային դրույքաչափերը եկամտային հարկով հարկման նպատակով ընդունվում են որպես նվազեցվող եկամուտներ»:

Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն. «Զինծառայողները ենթակա են ծառայողական պարտականություններ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից պարտադիր պետական ապահովագրության:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա` աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ` զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության եւ ապահովագրական գումարների չափերը, վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Օրենքի 40-րդ հոդվածի համաձայն. «Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների (ինչպես նաեւ զինծառայությունից սահմանված կարգով արձակված եւ հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման եւ տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով»:

Օրենքի նշված դրույթներով սահմանված երաշխիքները (աշխատանքային, բժշկական, կրթական եւ այլն) տարածվում են նաեւ մարտական գործողությունների մասնակից զինծառայողների վրա: Ավելին՝ Օրենքի 39-րդ հոդվածի համաձայն՝ զինծառայողները, այդ թվում մարտական գործողությունների մասնակից զինծառայողները, ծառայողական պարտականություններ, մարտական հերթապահություն ու հատուկ առաջադրանք կատարելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու (մահանալու) դեպքերից, ինչպես նաեւ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները (մարտական գործողությունների մասնակիցները) ենթակա են պարտադիր պետական ապահովագրության:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)