29.07.2016 թ.                                                                                  ԻՎ-ե-72
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-1037-08.07.2016-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին Նախագծի համապատասխանությունն ապահովելու տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում, 3-րդ հոդվածի 2-րդ կետում, 6-րդ հոդվածում եւ 7-րդ հոդվածի 2-րդ կետում հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը, իսկ Նախագծի 2-րդհոդվածի 2-րդ կետում, 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ ու 3-րդ կետերում եւ 8-րդ հոդվածի 1-ին կետում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառերով:

2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվում է Օրենքի11-րդ հոդվածի 1-ին մասում «18-ից» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների)» բառերը: Տվյալ դեպքում պարզ չէ, թե 18 տարեկանից հետո տարիքային, որ խմբին է վերաբերվում առաջարկվող բացառությունը: Այսինքն՝ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների համար տարիքային այլ ստորին շեմ չի նախատեսվում:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին կետով Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, սակայն իրականում նույնությամբ կրկնվում է գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                        Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ`Մ. Վասիլյան (հեռ. 011-513-659)

Ա. Մանուկյան (հեռ. 011-513-616)

Գ. Հովսեփյան (հեռ. 011-513-616)