«15» օգոստոսի 2016թ.                                                                                                        ԻՎ-ե-74

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-1040-19.07.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացվում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը՝ անկախ կազմակերպական-իրավական տեսակից, իրավական վիճակից եւ սեփականության ձեւից, կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկը: Նույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն եւ սպասարկում ընտրված տեսակների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզիա ստանալու դեպքում:

Հետեւաբար՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն եւ սպասարկում կարող են իրականացնել այն անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել են համապատասխան լիցենզիա: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, որը հանդիսանում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող գործադիր իշխանության հանրապետական մարմին, չունի բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու լիազորություն:

3. Նախագիծը չի բխում «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն եւ սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաեւ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ստացվում է, որ բացի նշված դեպքերից անձին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կարող է տրամադրվել վերջինիս համաձայնության առկայության դեպքում:

4. Հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք ի 1-ին հոդվածի համաձայն. «Սույն օրենքով սահմանվում են սոցիալական ծառայությունների, սոցիալական աջակցության եւ ինտեգրված սոցիալական ծառայությունների հասկացությունները, հիմնական սոցիալական ծառայությունները, դրանց դասակարգման հիմքերը եւ տրամադրող սուբյեկտները, սոցիալական ծառայությունների տրամադրման եւ սոցիալական աջակցության հիմնական սկզբունքները, սոցիալական աջակցության իրավունքը, նպատակը, սոցիալական աջակցության կառավարման համակարգը, սոցիալական աջակցություն ստացող անձանց իրավունքները եւ պարտականությունները, սոցիալական աջակցության ֆինանսավորման աղբյուրները, կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համագործակցության , տեղական սոցիալական ծրագրերի իրականացման եւ սոցիալական աջակցության տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:

Հետեւաբար՝ գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝զինված ուժերից սահմանված կարգով արձակված ժամկետային զինծառայողների, սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերություններն արդեն իսկ կարգավորվում են «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)