«26» օգոստոսի 2016թ.                                                                                                        ԻՎ-ե-75

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1043-25.07.2016-ԱՄ-010/0), «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10431 -25.07.2016-ԱՄ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10432 -25.07.2016-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ն ախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր ոք իրավունք ունի տալու համաձայնություն եւ ցանկացած փուլում հրաժարվելու գիտական կամ փորձարարական նպատակներով կիրառվող բուժական մեթոդներից եւ միջոցներից, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող առանց իր ազատ եւ հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի : Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետեւանքների մասին: Այդ առումով անհրաժեշտ է Նախագծի նշված դրույթը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին՝ նախատեսելով դրույթ, որ հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր ոք իրավունք ունի տալու համաձայնություն եւ ցանկացած փուլում հրաժարվելու գիտական, բժշկական կամ այլ փորձերից: Հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր ոք նախապես պետք է նաեւ տեղեկացվի գիտական, բժշկական կամ այլ փորձերի հնարավոր հետեւանքների մասին: Նախագծում պետք է նախատեսել դրույթ նաեւ նշված փորձերի հետեւանքների մասին տեղեկացնելու կարգին եւ ժամկետներին վերաբերող դրույթներ:

Նույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում նշված «ատյաններին» բառն անհրաժեշտ է փոխարինել «մարմիններին» բառով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող յուրաքանչյուր գործունակ ոք պարտավոր է պահպանել բժիշկ-հոգեբույժի կողմից բուժման ռեժիմով սահմանված պահանջները: Ստացվում է, որ բժիշկ-հոգեբույժի որոշմամբ կարող են սահմանվել պարտականություններ, որոնցով սահմանափակվելու են հոգեբուժական կազմակերպությունում բժշկական օգնություն եւ սպասարկում ստացող անձի իրավունքները, ինչը չի համապատասպանում ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

3. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ֆիզիկական եւ հոգեկան բռնություն» բառերով՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի պահանջները: Բացի այդ՝ առաջարկում ենք նշված բառերից հետո լրացնել «ֆիզիկական կամ հոգեկան բռնություն գործադրելու սպառնալիքի» բառերը:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված «գտնվելու» բառն անհրաժեշտ է փոխարինել «բուժվելու» բառով՝ հիմք ընդունելով «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ սույն հոդվածով նախատեսված անվճար իրավաբանական օգնությունը տրամադրում է հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց:

2. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ դատահոգեբուժական փորձաքննությունը նշանակվում է նաեւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով, մինչդեռ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ դրույթներ նախատեսված չեն: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածը կարգավորում է փորձաքննություն նշանակելու, այլ ոչ թե դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու հետ կապված հարաբերությունները: Այդ առումով Նախագծի նշված հոդվածը վարչական դատավարության կարգով փորձաքննություն նշանակելու մասով անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ հոգեբուժական հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում կազմվում է նաեւ այլ բժիշկ մասնագետներից: Այդ առումով հստակ չէ, թե ինչ անհրաժեշտ դեպքերի մասին է խոսքը, եւ հոգեբուժական հանձնաժողովում այլ բժիշկ մասնագետներ ընդգրկելու անհրաժեշտությունն ինչ չափանիշներով է որոշվելու:

3.Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 4-րդ հոդվածի վերնագրից բխում է, որ նշված հոդվածի կարգավորման առարկան հոգեկան առողջության պահպանման հետ կապված հարաբերություններն են: Ավելին՝ նույն հոդվածի 1-ին մասով սահմանվում են, թե հոգեկան առողջության պահպանումն ինչ գործընթացներ է ներառում,մինչդեռ նշված հոդվածի 2-րդ մասը վերաբերում է հոգեբուժական կամ սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների եւ ՀՀ կառավարության լիազորված մարմինների լիազորություններին, 3-րդ մասը վերաբերում է հոգեբուժական բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու կարգը եւ պայմանները սահմանելուն, իսկ 4-րդ մասը՝ հոգեբուժական բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզավորման կարգը ու պայմանները սահմանելուն: Այդ առումով Նախագծի1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերը նշված հոդվածի կարգավորման առարկան չեն եւ դրանք անհրաժեշտ է նախատեսել այլ հոդվածով:

4. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում պարզ չէ, թե հոգեբուժական կազմակերպության ներքին կանոններն ում կողմից եւ ինչ իրավական ակտով են հաստատվելու:

5. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մաս ում « իրավունքների եւ պարտականությունների մասին» բառերն անհրաժեշտ է փոխարինել «իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների մասին» բառերով՝ նկատի ունենալով, որ նշված հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն՝ հոգեկան խանգարում ունեցող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու ընթացքում մայրենի կամ իրեն հասկանալի լեզվով տեղեկություններ ստանալ իր առողջական վիճակի, իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների վերաբերյալ:

6. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ այդ նախագծում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին հղում այլեւս չի արվում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկներ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)