«23» սեպտեմբերի 2016թ.                                                                      ԻՎ-ե-80

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1048-01.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացում է կատարվում օրենքի 98-րդ հոդվածում, մինչդեռ Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացումը վերաբերում է օրենքի 32-րդ հոդվածին: Այդ առումով Նախագծի 1-ին հոդվածով օրենքի 98-րդ հոդվածում կատարվող լրացումն անհրաժեշտ է նախատեսել Նախագծի 2-րդ հոդվածով, իսկ Նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 32-րդ հոդվածին վերաբերող լրացումը՝ Նախագծի 1-ին հոդվածում՝հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ՝ տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 4-րդ հոդվածին:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «1-ին կետում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասում» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Նույնը վերաբերում է Նախագծի 3-րդ հոդվածում նշված «կետը» բառին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)