«23» սեպտեմբերի 2016թ.                                                                                                  ԻՎ-ե-82

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1050-02.09.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Լյովա Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ հատուկ ռեժիմը ենթադրում է օրենքով սահմանված կարգով ստեղծել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ընդգրկելով կառավարության եւ «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության անձնակազմի ներկայացուցիչներին (համաձայնությամբ): Այսինքն՝ Նախագծով ստեղծվում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով: Հետեւաբար՝ Նախագծի համաձայն՝ Ազգային ժողովի հանձնաժողովը ստեղծվում է օրենքի հիման վրա, ոչ թե Ազգային ժողովի որոշման հիման վրա: Այդ առումով ՀՀ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունների 62-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ, որոնք ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: 73-րդ հոդվածի համաձայն՝ անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ ՝ առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշա կի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար:

Հիշյալ դրույթների համակարգային վերլուծությունից բխում է, որ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծվում է ոչ թե օրենքի հիման վրա, այլ Ազգային ժողովի որոշմամբ՝ նկատի ունենալով, որ Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված դեպքում, այսինքն՝ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու դեպքում, Ազգային ժողովն ընդունում է որոշումներ :

ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների 107-րդ հոդվածի համաձայն՝ առանձին օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների եւ ուղերձների նախագծերի, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ : Այսինքն՝ ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների 107-րդ հոդվածը սպառիչ սահմանում է Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու հիմքերը: Ընդ որում, այդ հանձնաժողովները ստեղծվում են բացառապես Ազգային ժողովի որոշմամբ: Ինչ վերաբերում է ««Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության գործունեության եւ կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» օրենքի նախագծի քննարկման եւ դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն , ապա 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ նշված հանձնաժողովը նույնպես պետք է ստեղծվի Ազգային ժողովի որոշմամբ, այլ ոչ թե օրենքի (ներկայացված օրենքի նախագծի) հիման վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը Նախագիծը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 2005 թվականի փոփոխությունների 62-րդ եւ 73-րդ հոդվածների պահանջներին, ինչպես նաեւ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 107-րդ հոդվածի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովը ժամանակավոր հանձնաժողով ստեղծելիս սահմանում է նրա խնդիրները, գործունեության ժամկետը եւ կարգը: Մինչդեռ նախագծով սահմանված չեն ժամանակավոր հանձնաժողովի խնդիրները, կարգավորված չեն նաեւ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետները եւ գործունեության կարգի հետ կապված հարաբերությունները: Նախագծում բացակայում են նաեւ հանձնաժողովի նիստերի անցկացման, հանձնաժողովի նիստում քննարկումների կազմակերպման եւ որոշումների ընդունման կարգերին վերաբերող դրույթները, որոնք սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ եւ 29-րդ հոդվածներով:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասում նշված «ՀՀ» եւ «ԱՄՆ» հապավումներն անհրաժեշտ է բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

2. Նախագծի 3-րդ հոդվածում նշված «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)