«29» սեպտեմբերի 2016թ.                                                                                                    ԻՎ-ե-90

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1055-06.09.2016-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արտակ Դավթյանի, Կարինե Աճեմյանի եւ Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրվում է հետեւյալ խմբագրությամբ. «Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, արխիվային կամ այլ փաստաթղթերը ոչնչացնելը, վնասելը, կեղծելը կամ աղավաղելը»:

ՀՀ քրեական օրենսգրքի գործող խմբագրության 264-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան ունի հետեւյալ շարադրանքը. «Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը»:

Այդ առումով պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր են համարվում պատմական իրադարձությունների, գիտության կամ տեխնիկայի պատմության, նշանավոր անձանց կյանքի եւ գործունեության հետ կապված տեղեկությունների կրիչները, հնէաբանական հետազոտության արդյունքում ձեռք բերված եւ պատմական կամ մշակութային արժեք ներկայացնող առարկաները, հին ձեռագրերը, գրքերը, արխիվային նյութերը, ճարտարապետական, պատմական արժեք ներկայացնող շինությունները, դրանց առանձին մասերը եւ պետության պահպանության տակ գտնվող այլ պատմական կամ մշակութային նշանակություն ունեցող առարկաներն ու փաստաթղթերը [1] : Հետեւաբար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում նշված «փաստաթղթեր» հասկացությունն իր մեջ արդեն իսկ ներառում է նաեւ արխիվային փաստաթղթերը: Ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասում նշված «արխիվային կամ այլ» բառերը հանել:

Ինչ վերաբերում է «կեղծել կամ աղավաղել» եզրույթին, ապա բովանդակային առումով փաստաթուղթ կեղծելը ենթադրում է փաստաթղթում կեղծ գրառումներ կատարելը, որոնք աղավաղում են փաստաթղթի իրական բովանդակությունը եւ չեն համապատասխանում իրականությանը: Նման պայմաններում «կեղծել» հասկացությունը ներառում է «աղավաղել» հասկացությունը: Այդ առումով «կամ աղավաղելը» բառերն անհրաժեշտ է հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն. «Պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, արխիվային կամ այլ փաստաթղթերը ոչնչացնելը, վնասելը, կեղծելը կամ աղավաղելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով» :

Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն. «Նույն արարքները, որոնք կատարվել են առանձնակի արժեք ունեցող օբյեկտների կամ հուշարձանների, կամ առանձնապես արժեքավոր արխիվային փաստաթղթի կամ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն կամ հարստություն համարվող արժեքների (օբյեկտների, տեղեկությունների տվյալների) նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհար յուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով »:

Ստացվում է, որ նշված հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքների համար սահմանվում է միեւնույն առավելագույն պատժի շեմը՝ տուգանք նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, ինչպես նաեւ ազատազրկում առավելագույնը հինգ տարի ժամկետով, առանց հաշվի առնելու նշված երկու հանցագործությունների հանրային վտանգավորության աստիճանը: Համապատասխան սանկցիա (պատժաչափ) նախատեսելիս հաշվի առնված չեն նաեւ նշված հանցագործությունների առարկան: Այն է՝ 1-ին մասով նախատեսված հանցագործության առարկան պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձաններն են, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առաձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը, իսկ 2-րդ մասով նախատեսված արարքի առարկան պետության պահպանության տակ գտնվող առանձնակի արժեք ունեցող օբյեկտներն ու հուշարձաններն են, որոնք ունեն համահայկական, համազգային նշանակություն (օրինակ՝ Զվարթնոցի, Գառնու, Գեղարդի տաճարները եւ այլն): Հետեւաբար՝ Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված արարքների համար սահմանված պատժաչափը համաչափ չէ արարքի հանրային վտանգավորությանը: Ուստի հիմք ընդունելով վերոգրյալը հայտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածը (պատժաչափի համաչափության մասով) չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 71-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն. «Օրենքով սահմանված պատիժը, ինչպես նաեւ նշանակված պատժատեսակը եւ պատժաչափը պետք է համաչափ լինեն կատարված արարքին», ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության սկզբունքի պահանջին, որի համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:

3.Նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիան շարադրվում է նոր խմբագրությամբ. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական, արխիվային փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ (տվյալներ) կազմելը կամ հանձնելը, ինչպես նաեւ տվյալները աղավաղելը կամ առանց հիմնավոր փաստերի հրապարակելը »:

ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիան ունի հետեւյալ շարադրանքը. «Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչ պես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը »:

Այդ առումով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի դիսպոզիցիայում նշած «փաստաթղթեր» հասկացությունն իր մեջ արդեն իսկ ներառում է «արխիվային փաստաթղթերը», իսկ ինչ վերաբերում է «կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ (տվյալներ) կազմելը կամ հանձնելը, ինչպես նաեւ տվյալները աղավաղելը կամ առանց հիմնավոր փաստերի հրապարակելը » արտահայտությանը, ապա հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի օբյեկտիվ կողմը դրսեւորվում է պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով , որը ենթադրում է իսկական պաշտոնական փաստաթղթում այնպիսի տեղեկություններ գրանցելը, որոնք չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնական փաստաթղթերում կեղծ գրառումներ մտցնելով, որը ենթադրում է իսկական պաշտոնական փաստաթղթում այնպիսի փոփոխություններ կատարելը (այդ թվում՝ ջնջում, քերվածք, նշագրում կատարելը), որոնք աղավաղում են փաստաթղթի իրական բովանդակությունը եւ չեն համապատասխանում իրականությանը: Պաշտոնական փաստաթղթում կեղծ գրառումներ մտցնելը ներառում է նաեւ պաշտոնական փաստաթղթում կեղծում, պաշտոնական փաստաթղում այլ թվական գրառումներ կատարելը կամ այլ փոփոխություններ կատարելը: Օբյեկտիվ կողմը դրսեւորվում է նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելով, որը ենթադրում է իսկական, բայց բովանդակությամբ ամբողջովին կեղծ փաստաթուղթ պատրաստելը, կեղծ փաստաթուղթ հանձնելով, որը ենթադրում է իսկական, բայց բովանդակությամբ կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող փաստաթուղթը որեւէ ձեւով շրջանառության մեջ դնելը, այդ թվում՝ նաեւ հրապարակելը:

Բացի այդ՝ Նախագծի հիշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածում նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է նաեւ «պաշտոնական, արխիվային փաստաթղթերը առանց հիմնավոր փաստերի հրապարակելով», ինչն առաջացնում է խնդիրներ: Մասնավորապես՝ պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պարունակող պաշտոնական, արխիվային փաստաթղթերը հրապարակելն արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով, իսկ պետական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հրապարակումը կարծում ենք, որ հանրորեն վտանգավոր արարք չէ, ուստիեւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածում հանցագործության նոր՝ «պաշտոնական, արխիվային փաստաթղթերը առանց հիմնավոր փաստերի հրապարակելը» օբյեկտիվ կողմ նախատեսելը չի բխում «պետական գաղտնիք չհանդիսացող տեղեկություններ պարունակող փաստաթղթերի հրապարակել» արարքի վտանգավորությունից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի գործող 314-րդ հոդվածի 1-ին մասի դիսպոզիցիայում նշած «փաստաթղթեր» հասկացությունն իր մեջ արդեն իսկ ներառում է «արխիվային փաստաթղթեր»-ը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի գործող 314-րդ հոդվածի 1-ին մասի օբյեկտիվ կողմը ներառում է տվյալներ տեղեկություններ կազմելը, տվյալները աղավաղելը կամ առանց հիմնավոր փաստերի հրապարակելը: Հետեւաբար՝ Նախագծի 2-րդ հոդվածի նորմատիվայաին անհրաժեշտությունը բացակայում է:

Բացի այդ, հստակ չէ, թե «առանց հիմնավոր փաստերի հրապարակելը» եզրույթի իրավական բովանդակությունը: Մասնավորապես՝ պարզ չէ, թե ինչ փաստերի մասին է խոսքը, եւ դրանց հիմնավոր կամ անհիմն լինելն ինչ չափանիշներով է որոշվելու:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածներում նշված «հետեւյալ խմբագրությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 3-րդ հոդվածում նշված «պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)



[1] Տես Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Հատուկ մաս (երկրորդ հրատարակություն՝ փոփոխություններով եւ լրացումներով). / Ս. Առաքելյան, Ա. Գաբուզյան, Հ. Խաչիկյան, Գ. Ղազինյան, Ն. Մաղաքյան, Ա. Մարգարյան, Տ. Սիմոնյան, Վ. Քոչարյան. - Երեւանի պետ. համալս. - Եր.: Երեւանի համալս. հրատ., 2006, էջ 636: