«23» սեպտեմբերի 2016թ.                                                                                                      ԻՎ-ե-86

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսական համահարթեցման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1056-7.09.2016-ՏՏ-010/0) եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-10561 -7.09.2016-ՏՏ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-ին հոդվածի վերնագրի «խնդիրները» բառն առաջարկում ենք փոխարինել «կարգավորման առարկան» բառերով, քանի որ այդ հոդվածում խոսքը գնում է ոչ թե օրենքի խնդիրների, այլ դրա կարգավորման առարկայի մասին:

2. Նախագծի 1-ին հոդվածի միակ մասն առաջարկում ենք համարակալել, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Համարակալման կարիք ունեն նաեւ Նախագծի 5-րդ եւ 8-րդ հոդվածների մասերը:

3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:

Ելնելով վերոգրյալից՝ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թիվը՝ ամրագրելով այդ մասը որպես հոդվածի 1-ին մաս: Նույն հոդվածի «1.», «2.», «3.», «4.», «5.», «6.» եւ «7.» թվերը համապատասխանաբար անհրաժեշտ է փոխարինել «1)», «2)», «3)», «4)», «5)», «6)» եւ «7)» թվերով, քանի որ դրանք իրականում կետեր են, իսկ «8.» եւ «9.» թվերը՝ «2.» եւ «3.» թվերով՝ ամրամգրելով դրանք որպես հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր: Անհրաժեշտ է նաեւ նույն հոդվածի «1)», «2)», «3)», «4)» եւ «5)» թվերը փոխարինել համապատասխանաբար «ա.», «բ.», «գ.», «դ.» եւ «ե.» բառերով: Նմանատիպ փոփոխություններ անհրաժեշտ է կատարել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածում:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասում, 3-րդ հոդվածի 5-րդ մասում, 7-րդ հոդվածի 5-րդ մասում, 9-րդ հոդվածի 4-րդ մասում, 15-րդ հոդվածի 2-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերում առաջարկում ենք «ՀՀ» հապավումը բացել՝ դարձնելով այն «Հայաստանի Հանրապետության» (բացի բանաձեւերում նշվածներից): Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասից, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույն նկատառումներից ելնելով՝ առաջարկում ենք Նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասի «2017 թ.» բառերը փոխարինել « 2017 թվականի» բառերով, իսկ «2016թ» բառերը՝ «2016 թվականի» բառերով:

5. Նախագծի 18-րդ հոդվածի 6-րդ մասի «՝ հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից.» բառերն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջներից եւ վերաբերում է նաեւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածին:

6. Նախագծի 18-րդ հոդվածի 7-րդ մասի «1998 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-262)» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-262 օրենքը» բառերով: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից, որի համաձայն՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը, թիվը եւ «օրենք» բառը: Նույն նկատառումներից ելնելով՝ առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137)» բառերը փոխարինել «1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137» բառերով:

7. ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «լիազորված» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «պետական» բառը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                                Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)