07 .10.2016թ.                                                                                                            ԻՎ-ե-94


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1060-19.09.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծով առաջարկվող հաշմանդամների սոցիալական պաշտպանության հետ կապված պետական քաղաքականության մեխանիզմները, սկզբունքները, մոտեցումներն ըստ էության կրկնում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով ամրագրված մեխանիզմներն ու մոտեցումները: Այսպես՝ Նախագծի նախաբանի համաձայն՝ «Սույն օրենքը սահմանում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության ծրագրային հիմունքները»:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունը տնտեսական, սոցիալական եւ իրավական միջոցառումների համակարգ է, որը հաշմանդամների համար ստեղծում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ եւ ապահովում է նրանց իրավունքների եւ ազատությունների իրականացումը»:

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախաբանի համաձայն. «Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմունքները, հաշմանդամներին հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հնարավորություններ ապահովելու նպատակով նրանց իրավունքների եւ ընդունակությունների իրականացման համար առավել բարենպաստ պայմանների եւ արտոնությունների տրամադրման պետական քաղաքականության հիմնադրույթները»:

Նույնօրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանությունը տնտեսական , սոցիալական եւ իրավական միջոցառումների համակարգ է , որը հաշմ անդամների համար ապահովում է կենսագործունեության սահմանափակումները հաղթահարելու, փոխարինելու (փոխհատուցելու) պայմաններ եւ ուղղված է հասարակական կյանքում նրանց մասնակցության համար մյուս քաղաքացիներին համարժեք հնարավորությունների ապահովմանը:

Ստացվում է, որ Նախագծով կարգավորվող հարաբերությունների առարկան նույնական է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերություններին: Ավելին՝ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակներն են հաշմանդամների համար հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովումը: Նշված մոտեցումը նույնպես ամրագրված է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես՝ օրենքի 3-րդ հոդվածով ամրագրված են հաշմանդամների իրավունքներն ու պարտականությունները, որի համաձայն՝ հաշմանդամներն ունեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված նույն իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները, ինչպես այլ անձինք : Հիշյալ նորմի եւ օրենքի 2-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ հաշմանդամների համար հավասար իրավունքների ապահովումը այնպիսի պայմանների ստեծումն է, որոնք ուղղված են կենսագործունեության սահմանափակումների հաղթահարմանը, որոնք հավասար պայմաններ կստեղծեն հաշմանդամների համար Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների ապահովման համար: Նույն մոտեցումն ամրագրված է նաեւ Նախագծում, մասնավորապես՝ Նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հաշմանդամների համար հավասար իրավունքների ապահովումը՝ կենսագործունեության սահմանափակումների հաղթահարման , փոխարինման (փոխհատուցման) պայմանների ստեղծմամբ հաշմանդամների համար Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված նույն իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների ապահովումն է, ինչպիսիք ունեն այլ անձինք: Ստացվում է, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակների մասով նույնպես համընկնում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում ամրագրված կարգավորումներին:

Ուստի հայտնում ենք, որ Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծի կարգավորման առարկան, ինչպես նաեւ Նախագծի նպատակը համընկնում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կարգավորման առարկային եւ նշված օրենքով ամրագրված հաշմանդամների սոցիալական պաշտպանության քաղաքականության իրականացման նպատակներին:

2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնք վերաբերում են հաշմանդամների սոցիալական պաշտպանության ծրագրերին: Մասնավորապես՝ նշված հոդվածի համաձայն՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրով սահմանված ժամկետներում եւ կարգով: Համալիր ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ: Այդ առումով նշված դրույթները չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 51 -րդ եւ 41-րդ հոդվածներին: Այսպես՝ Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրով սահմանված ժամկետներում եւ կարգով, մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքներն իրականացվում են տարեկան ծրագրով սահմանված ժամկետներում եւ կարգով: Նախագծի նույն հոդվածի համաձայն՝ համալիր ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ հաստատում է Ազգային ժողովը՝ համապատասխան օրենքի ընդունմամբ, մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 51 -րդ հոդվածի հաշմանդամների սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ պետական բյուջեի կազմում Ազգային ժողով է ներկայացնում հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագիրը , ի սկ 41-րդ հոդվածի համաձայն՝ տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի նախագծի կազմում: Ստացվում է, որ Նախագծի համաձայն՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության համալիր ծրագրով, որը ընդունվում է առանձին օրենքով, մինչդեռ «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականությունն իրականացվում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության տարեկան ծրագրով, որը ներկայացվում է պետական բյուջեի նախագծի կազմում:

3. Նախագծի 4-րդ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ նշված հոդվածով ամրագրված համալիր ծրագրի սկզբունքներին եւ բովանդակությանը վերաբերող դրույթները ըստ էության բովանդակային առումով ներառված են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածում, որը վերաբերում է տարեկան ծրագրի բովանդակությանը եւ դրա մշակման սկզբունքներին: Այսպես՝ Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ ծրագրի սկզբունքներն են ֆինանսական, նյութական եւ աշխատանքային ռեսուրսների համախմբումը, միջոցառումների իրականացումը, պահանջվող արդյունքին սահմանված վերջնաժամկետին հասնելը, ծրագիրը ներառում է հիմնական նպատակները եւ խնդիրները, ծրագրի իրականացման փուլերը եւ ժամկետները, ծրագրի կատարմանն ուղղված միջոցառումների եւ աշխատանքների ցանկը, ծրագրի ռեսուրսային ապահովվածությունը, ծրագրի ղեկավարման կազմակերպումը եւ դրա իրականացման ընթացքի վերահսկողությունը, ծրագրի իրականացումից սպասվող արդյունքի գնահատումը: Իսկ հաշմանդամության հիմնախնդիրների վերլուծությունը պարունակում է հաշմանդամության առկա վիճակի նկարագրությունը, հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության խնդիրները, ինչպես նաեւ տվյալ ժամանակահատվածում որոշակի խնդիրների լուծման առաջնահերթության եւ հնարավորության հիմնավորումները: Այդ առումով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն՝ տարեկան ծրագիրը ներառում է ծրագրի հիմնական խնդիրները, նախատեսված աշխատանքների ծավալները եւ իրականացման ժամանակացույցը, նախատեսված աշխատանքների ֆինանսավորման համամասնությունները, ծրագրի կատարման սկզբունքները եւ նախատեսված աշխատանքների իրականացման առաջնահերթությունները, Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամության կանխարգելման եւ հաշմանդամների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, հաշմանդամների սոցիալական պաշտպանության աշխատանքների իրականացման եւ դրանց ֆինանսավորման (այդ թվում` օտարերկրյա պետություններից եւ միջազգային կազմակերպություններից ստացված օգնությունների հաշվին) գործընթացի վերահսկողության կարգը եւ այլն: Հիշյալ պահանջները հանդիսանում են այն սկզբունք- նորմերը, որոնք պարտադիր ներառվում են տարեկան ծրագրում: Ավելին՝ որպես տարեկան ծրագրի իրականացման երաշխիք նշված օրենքի 43-րդ հոդվածով ամրագրված է նաեւ հաշվետվողականության սկզբունքը, որի համաձայն՝ տ արեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունը հերթական տարվա պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության բաղկացուցիչ մասն է, ինչից հետեւում է, որ տարեկան բյուջեի կատարման հաշվետվության հետ պարտադիր կարգով Ազգային ժողով ներկայացվում է նաեւ նշված տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի կետերի, 4-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի կետերի, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի կետերի, 5-րդ հոդվածի 1-ին մասի կետերի, 7-րդ հոդվածի 1-ին մասի կետերի,8-րդ հոդվածի 3-րդ մասի կետերի, 10-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ եւ 6-րդ մասերի կետերի, 11-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի եւ 12-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Բացի այդ՝ Նախագծի 5-րդ հոդվածի միակ մասը եւ 14-րդ հոդվածի միակ մասն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ


Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)