«20» հոկտեմբերի 2016թ.                                                                                              ԻՎ-ե-109

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1073-27.09.2016-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Լյովա Խաչատրյանի եւ Վահան Կարապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն` սույն օրենքի պահանջները կարգավորող դրույթները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ առումով նշված դրույթը չի համապատասխանում ՀՀ Սահամանդրության 6-րդ եւ 79-րդ հոդվածներով ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի պահանջին: Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 6-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն. «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին »: ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն. «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»: Հիշյալ սահմանադրականնորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ լիազորող նորմերը պետք է սահմանեն այդ լիազորությունների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այլ լիազորությունների կամ իրավասությունների կրողներն կարողանան դրսեւորել որոշակի վարքագիծ, մինչդեռ Նախագծի նշված դրույթը խիստ անորոշ է, մասնավորապես՝ «սույն օրենքի պահանջները կարգավորող դրույթներ» հասկացությունը որոշակի չէ եւ թույլ չի տալիս հստակ որոշելու կառավարության լիազորությունների ծավալը եւ չի սահմանում կոնկրետ վարքագծի կանոններ, ինչն իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել որոշակի անորոշություն: Իրավական որոշակիության սկզբունքին անդրադարձել է նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, մասնավորապես` 2016 թվականի ապրիլի 18-ի իր ՍԴՈ-630 որոշմամբ ամրագրված դիրքորոշման համաձայն. «Որեւէ իրավական նորմ չի կարող համարվել օրենք, եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին»:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագիծը կառուցվածքային եւ բովանդակային առումով թերի է, եւ Նախագծում առկա են կարգավորման բացեր: Մասնավորապես` Նախագծում հստակ սահմանված չէ դրա կարգավորման առարկան, նպատակը, խնդիրները, կարգավորվող հարաբերությունների շրջանակը: Ավելին, Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ «արտոնյալ ժամկետ» է համարվում վարկառուի վարկի ստացման եւ տոկոսների վճարման պարտականություն առաջանալու ժամանակահատվածը: Իսկ «արտոնյալ սահմանաչափ» է համարվում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկի տասնհինգ տոկոսը: Այդ առումով պարզ չէ` արդյոք արտոնյալ ժամկետը ներառում է նաեւ վարկի մայր գումարի մարմանն ուղղված վճարումների հետաձգման ժամանակահատվածը: Պարզ չէ նաեւ, թե ինչ արտոնյալ սահմանաչափի մասին է խոսքը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել՝ դարձնելով այն «Հայաստանի Հանրապետության»: Սույն առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասից, որի համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

3. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից սկսած 2017 թվականից յուրաքանչյուր հաջորդ տարվա հատկացումները պետք է գերազանցեն նախորդ տարվա նույն հոդվածով հատկացված չափը առնվազն 10 տոկոսով: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվում է առանձին ծրագիր:

4. Նախագծի հոդվածների մասերն անհրաժեշտ է համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)