«14» նոյեմբերի2016թ.                                                                                                              ԻՎ-ե-117

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մա սին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1102-19.10.2016-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ««Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մա սին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող՝ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ կենսաթոշակի իրավունք ունեն մեկից ավելի երկրներում պաշտոնավարած դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները: «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին » Հայաստանի Հանրապետության օրենք ի 2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակի իրավունք ունի «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված N 1-ով սահմանված պաշտոններում, օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարի պաշտոնում առնվազն 10 տարի պաշտոնավարած անձը՝ 65 տարին լրանալու դեպքում: Գործող կարգավորման համաձայն՝ կենսաթոշակը նշանակվում է այն դեպքում, երբ անձը 10 տարի զբաղեցրել է դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի պաշտոնը: Ընդ որում, խոսքը չի վերաբերում դիվանագիտական ծառայության միեւնույն մարմնի ղեկավարի պաշտոնը 10 տարի զբաղեցնելուն, ինչից բխում է, որ անձին օրենքով սահմանված կենսաթոշակը նշանակվում է նաեւ այն դեպքում, երբ անձը պաշտոնավարել է տարբեր երկրներում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների պաշտոններում՝ առնվազն 10 տարի: Հետեւաբար, մեկից ավելի երկրներում պաշտոնավարած` դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին, առանց հաշվի առնելու նշված անձանց մասնագիտական ստաժը, օրենքով կենսաթոշակի իրավունք տալը չի բխում «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին » Հայաստանի Հանրապետության օրենք ի տրամաբանությունից, ինչպես նաեւ օրենք ի 5-րդ հոդվածի պահանջներից, որոնցով սահմանված են կենսաթոշակի հաշվարկման կարգը:

2. Նախագծի վերնագրում նշված «փոփոխություն» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով, քանի որ Նախագծով կատարվում է միայն մեկ լրացում: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից, որոնց համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշված « (այսուհետ՝ Օրենք)» բառերն անհրաժեշտ է հանել, քանի որ Նախագիծը «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին այլեւս հղում չի պարունակում:

4. Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)