«14» նոյեմբերի 2016թ.                                                                                                 ԻՎ-ե-120

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1115-11.11.2016-ՊԱ-010/0), ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11151 -11.11.2016-ՊԱ-010/0) եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11152 -11.11.2016-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»եւ ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1-5-րդ գլուխների վերնագրերն անհրաժեշտ է գրել մեծատառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ իրավական ակտի գլուխների եւ բաժինների վերնագրերը գրվում են մեծատառերով:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում շահառուներին միանվագ եւ (կամ) հավասարաչափ վճարների ձեւով վճարված հատուցման գումարներն ենթակա են շահառուների կողմից վերադարձման, եթե պարզվի որ`

1) զինծառայողն անհայտ կորել է`

ա. զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու, կամ

բ.դասալքության, կամ

գ.կամովին գերի հանձնվելու, կամ

դ.մարտադաշտն ինքնակամ լքելու հետեւանքով, եւ

2) սույն մասի 1-ին կետում նշված հանգամանքները հաստատվել են դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ եւ մատչելի:

Ուստի, առաջարկում ենք Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ կերպ.

«4. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում շահառուներին միանվագ եւ (կամ) հավասարաչափ վճարների ձեւով վճարված հատուցման գումարներն ենթակա են շահառուների կողմից վերադարձման, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվում է, որ զինծառայողն անհայտ կորել է զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու, դասալքության, կամովին գերի հանձնվելու կամ մարտադաշտն ինքնակամ լքելու հետեւանքով:»:

3. Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների վրա կարող են դրվել պարտականություններ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

4. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի «պետական գործառույթներ» եւ 24-րդ հոդվածի 6-րդ մասի 11-րդ կետի «կորպորատիվ վերահսկողություն» հասկացությունները ՀՀ օրենսդրության մեջ չեն գործածվում: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները:

5. Նախագծի 18-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «հիմնադրամն ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հարկերի, պետական եւ տեղական տուրքերի, ինչպես նաեւ բոլոր տեսակի վճարների վճարումից»: Առաջարկում ենք «օրենսդրությամբ նախատեսված» բառերը փոխարինել «օրենքին համապատասխան սահմանված» բառերով, քանի որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

6. Նախագծի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնադրամի գործունեությունը յուրաքանչյուր տարի ստուգվում է արտաքին անկախ միջազգային աուդիտորական կազմակերպության կողմից, մինչդեռ սահմանված չէ այդ կազմակերպության ընտրության կարգը կամ մարմինը, որին վերապահված է դրա ընտրությունը:

7. Նախագծի 5-րդ գլխի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «ԳԼՈՒԽ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»՝ ելնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ;

8. Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենք ուժի մեջ մտնելու պահից մինչեւ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի ավարտը հիմնադրամի պատշաճ գործունեության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքներն իրականացվում են կենտրոնական բանկի աշխատակիցների միջոցով` հասարակական հիմունքներով:

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նախ՝ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում որեւէ ժամկետ նշված չէ, խոսքն ամենայն հավանականությամբ 2-րդ կետով նշված ժամկետի՝ 5 տարվա մասին է, երկրորդ՝ Նախագծի 31-րդ հոդվածի 3-րդ մասն, ըստ էությւան, կրկնում է նույն հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը, որի համաձայն՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 5 տարվա ընթացքում հիմնադրամի պատշաճ գործունեությունն ապահովվում է Կենտրոնական բանկի աշխատակիցների միջոցով` հասարակական հիմունքներով: Գործունեություն ապահովելը, մեր կարծիքով, ենթադրում է դրա համար անհրաժեշտ աշխատանքների իրականացում:

9. Նախագծի 32-րդ հոդվածի «հաջորդող տասներորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

10. Նախագծի 32-րդ հոդվածում առաջարկում ենք նշում կատարել այն մասին, որ Նախագծի 21-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Սույն առաջարկությունը բխում է այն տրամաբանությունից, որ 2017 թվականին խոսք չի կարող գնալ «հիմնադրամի` նախորդ տարվա ընդհանուր ակտիվների» մասին:

11. ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-258-Ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-258» բառերով՝ ճիշտ նշելու համար «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի թիվը:

12. Նույն հոդվածի «7-րդ մաս, հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ 7-րդ մաս» բառերով: Նույն նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով, իսկ 2-րդ մասի «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հանել: ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածերում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով:

Սույն կետով նախատեսված առաջարկությունները բխում են Փաթեթն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:

13. ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հոկտեմբերի» բառն առաջարկում ենք փոխարինել «դեկտեմբերի» բառով՝ ճիշտ նշելու համար «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ամիսը:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)