«15» դեկտեմբերի 2016թ.                                                                                                  ԻՎ-ե-133

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակը ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-1122-17.11.2016-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացրած «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակը ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծ ը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի նախաբանում, ինչպես նաեւ Նախագծի 1-ին եւ 1.1-ին կետերում նշված «ՀՀ» հապավումներն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

2. Նախագծի նախաբանի «օրենքի վերաբերյալ» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի նախագծի վերաբերյալ» բառերով:

3. Նախագծի կետերի համարակալումն անհրաժեշտ է նախատեսել հերթական, այլ ոչ թե լրացուցիչ համարով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն՝ իրավական այլ ակտերում դրույթները շարադրվում են հերթական համար ունեցող կետերի տեսքով, ինչպես նաեւ 6-րդ մասին, որի համաձայն՝ իրավական այլ ակտերի կետերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, ենթակետերը՝ փակագծերով, իսկ պարբերությունները՝ միջակետով:

4. Նախագծի 5-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովն իր կազմից ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է նախագահ, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի նախագահի տեղակալ, ենթահանձնաժողովի եւ աշխատանքային խմբի ղեկավարներ ընտրում է համապատասխան հանձնաժողովը՝ իր որոշմամբ : Ստացվում է, որ Նախագծով կարգավորվում է միայն Հանձնաժողովի նախագահի ընտրության հետ կապված հարաբերությունները, իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հետ կապված հարաբերությունները կարգավորված չեն, ուստի նշված հարաբերությունները նույնպես անհրաժեշտ է կարգավորել՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

5. Հարկ ենք համարում նաեւ նշել, որ Նախագծով ստեղծվող ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներն ըստ էության կրկնում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածով սահմանված՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի գործառույթները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)