«25» հունվարի 2017թ.                                                                                                               ԻՎ-ե-6

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ճարտարապետական գործունեության մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1136-21.12.2016-ՏՀ-010/0), ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11361 -21.12.2016-ՏՀ-010/0) եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-11362 -21.12.2016-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ճարտարապետական գործունեության մասին» , ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) նախաբանի առաջին նախադասությունը չի վերաբերում օրենքի ընդունման նպատակներին, իսկ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Իրավական ակտը կարող է պարունակել նախաբան, որը սահմանում է իրավական ակտի ընդունման նպատակներն ու պատճառները»: Այդ առումով անհրաժեշտ է Նախագծի նախաբանի առաջին նախադասությունը հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «իրավահարաբերությունները» բառն անհրաժեշտ է փոխարինել «հարաբերությունները» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

3. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, 6-րդ հոդվածի 6-րդ մասի 12-րդ կետում, 12-րդ հոդվածի 3-րդ մասում, 17-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 5-րդ մասում, 20-րդ հոդվածի 3-րդ մասում եւ 4-րդ մասի 1-ին կետում, ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ:

4. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պալատի նախագահն իր լիազորություններն իրականացնելու համար կարող է նշանակել տեղակալներ` պալատի խորհրդի անդամների կազմից: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պալատի նախագահի տեղակալը փոխարինում է Ճարտարապետների պալատի նախագահին նրա բացակայության ժամանակ:

Առաջարկում ենք 6-րդ մասում ամրագրել, որ երկու կամ ավելի տեղակալներ ունենալու դեպքում պալատի նախագահն ինքն է յուրաքանչյուր անգամ որոշում, թե կոնկրետ որ տեղակալը պետք է իրեն փոխարինի:

5. Նախագծի 16-րդ հոդվածի մասերի համարակալումն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

6. Նախագծի 16-րդ հոդվածի 4-րդ մասը «ձեւ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «ունեցող կազմակերպություն» բառերով:

7. Նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցությունը կամավոր է, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի»: Առաջարկում ենք «5-րդ մասով» բառերը փոխարինել «6-րդ մասով» բառերով, քանի որ պալատի վերապատրաստման դասընթացներին մասնակցության պարտադիր դեպք նախատեսում է Նախագծի 15-րդ հոդվածի 6-րդ, ոչ թե 5-րդ մասը:

8. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ «ճարտարապետի (ճարտարագետ-կոնստրուկտորի) արտոնագրի գործողությունը դադարեցվում է Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով, եթե լրացել է արտոնագրի գործողության վերականգնման` սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետը եւ վերականգնման դիմում չի ներկայացվել»: Առաջարկում ենք «4-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով, քանի որ արտոնագրի գործողության վերականգնման ժամկետը նախատեսված է Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ, ոչ թե 4-րդ մասով:

9. Նախագծի 6-րդ գլխի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ»՝ համապատասխանեցնելով այն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:

10. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

11. ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                   Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)