«28» ապրիլի 2017թ.                                                                                                              ԻՎ-ե-33

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» (փաստաթղթային կոդ՝ Կ-1191-28.03.2017-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավոր է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի դատարաններում դատավորի պաշտոնում Սահմանադրությամբ եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով նշանակված անձը: Այս ձեւակերպումը հակասում է ՀՀ Սահմանադրության 166-րդ հոդվածի 5-րդ մասին, որ համաձայն՝ վճռաբեկ դատարանի նախագահին ընտրում է Ազգային ժողովը:

2. Նախագծի 9-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են հարգել դատական իշխանության անկախությունը եւ ձեռնպահ մնալ այնպիսի հայտարարություններից կամ գործողություններից, որոնք կարող են վնասել կամ վտանգել դատական իշխանության անկախությունը կամ հեղինակությունը: Այդ առումով անորոշ է, թե պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից նշված մասում սահմանված պարտականությունների չկատարման համար ինչ իրավական հետեւանքներ կարող են առաջանալ: Հետեւաբար անհրաժեշտ է սահմանել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատասխանատվությանը վերաբերող դրույթներ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերում չպետք է կիրառվեն նորմեր, որոնց չկատարման համար իրավական հետեւանքներ նախատեսված չեն:

3. Առաջարկում ենք ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի դիսպոզիցիան խմբագրել՝ նկատի ունենալով Նախագծի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգավորումները:

4. Նախագծի 12-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումները ենթակա են պարտադիր հրապարակման նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 57.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը: Այդ առումով գտնում ենք, որ Նախագծի 12-րդ հոդվածի 8-րդ մասն անհրաժեշտ է հանել, քանի որ նշված դրույթի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է:

5. Նախագծի 13-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունում, 17-րդ հոդվածի 7-րդ մասում, 18-րդ հոդվածի 1-ին մասում, 19-րդ հոդվածի 1-ին, 3-րդ եւ 4-րդ մասերում, 21-րդ հոդվածի 11-րդ մասում, 37-րդ հոդվածի 2-րդ մասում, 43-րդ հոդվածի 2-րդ մասում, 50-րդ հոդվածի 2-րդ մասում, 80-րդ հոդվածի 1-ին մասում, 87-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերում, 97-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում եւ 103-րդ հոդվածի 19-րդ մասում Բարձրագույն դատական խորհրդի եւ Ընդհանու ժողովի կողմից ընդունվող որոշումները ինչ ժամկետներում են ընդունվելու: Այդ առումով առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով նախատեսել նշված որոշումների ընդունման ժամկետներին վերաբերող դրույթներ:

6. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք նշել դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքի անվանումը:

7. Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասում՝ «սույն հոդվածի 9-12-րդ մասերին» կատարված հղումը վերանայման կարիք ունի: Առաջարկում ենք «սույն հոդվածի 9-12-րդ մասերով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 8-11-րդ մասերով» բառերով:

8. Նախագծի 24-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ՀՀ» հապավումն անհրաժեշտ է բացել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ արգելվում է նորմատիվ իրավական ակտում կատարել բառերի կամ տերմինների անհարկի կրճատումներ, ինչպես նաեւ բառերի կամ տերմինների հապավումներ: Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 56-րդ հոդվածի 1-ին մասում, 97-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետում, 109-րդ հոդվածի 6-րդ մասում, 152-րդ հոդվածի 8-րդ մասում եւ 163-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ՀՀ» հապավումներին:

9. Նախագծի 31-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ դատարանն ունենալու է երեք պալատ՝ քրեական, քաղաքացիական եւ վարչական պալատներ: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական պալատը կազմված է պալատի նախագահից եւ հինգ դատավորներից: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի անցումային դրույթներով կարգավորել, թե մինչեւ վարչական պալատի ստեղծումը եւ վարչական պալատի նախագահին եւ բոլոր դատավորներին նշանակելը վարչական գործերը որ պալատն է քննելու՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգի համաձայն՝ վարչական գործերն ընդդատյա են վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատին:

10. Նախագծի 58-րդ հոդվածի 4-րդմասում անորոշ է, թե էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովը դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանություններն ինչ ժամկետում է տրամադրելու՝ գրավոր պահանջի առկայության դեպքում: Ուստի առաջարկում ենք Նախագծի 58-րդ հոդվածի 4-րդմասում նախատեսել դրույթներ էթիկայի եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի կողմից դատավորի վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի մեկնաբանություններ տալու ժամկետների վերաբերյալ:

11. Նախագծի 74-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ գնահատման հանձնաժողովի դատավոր անդամի թեկնածուն պետք է ունենա դատավորի պաշտոնում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ եւ գործունեության գնահատման վերջին արդյունքներով ՝ բարձր կամ լավ գնահատական : Այդ առումով առաջարկում ենք «եւ գործունեության գնահատման վերջին արդյունքներով ՝ բարձր կամ լավ գնահատական» բառերը հանել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նախագծի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գնահատման է ենթակա ոչ թե բոլոր դատավորների, այլ միայն Բարձրագույն դատական խորհրդին առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակներում ընդգրկվելու դիմում ներկայացրած դատավորների գործունեությունը:

12. Նախագծի 85-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետում նշված «պատմուճանի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «նկարագրությունը» բառը:

13. Նախագծի 92-րդ հոդվածի 2-րդ մասում՝ «ղեկավարում են» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ղեկավարում է» բառերով, իսկ «նշանակում եւ ազատում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի ղեկավարին» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

14. Նախագծի 97-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հավակնորդը պարտավոր է ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ փաստատթղթեր, մինչդեռ նշված մասում բացակայում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված լրացուցիչ փաստատթղթերը ներկայացնելու ժամկետներին վերաբերող դրույթները: Նույնը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 5-րդ մասին, որի համաձայն՝ հավակնորդն իրավունք ունի ներկայացնել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի սահմանված ձեւիերաշխավորագիր-նամակներ:

15. Նախագծի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 5-րդ մասին կատարված հղումը վերանայման կարիք ունի, քանի որ 47-րդ հոդվածի 5-րդ մասը կարգավորում է խուզարկություն, զննում, փաստաթղթերի կամ իրերի առգրավում կատարելու համար դատարանի շենք մուտք գործելու հետ կապված հարաբերությունները, մինչդեռ Նախագծի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը վերաբերում է նշանակման ենթակա դատավորների թեկնածուների երկրորդ հերթին:

16. Նախագծի 115-րդ հոդվածի 6-րդ մասում նշված «7-րդ մասի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «5-րդ մասի» բառերով՝ հիմք ընդունելով Նախագծի 115-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ սույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների թեկնածուների ցուցակից հանելուն:

17. Նախագծի 116-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի պաշտոնում նշանակված դատավորի պաշտոնն առաջին անգամ ստանձնելիս նշանակման օրվանից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում իր պաշտոնն ստանձնում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում Հանրապետության Նախագահի ներկայությամբ տրված երդմամբ: Թերեւս իրավացի կլիներ վճռաբեկ դատարանի դատավորների դեպքում այլ կարգի սահմանումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս նշանակվելուց առաջ ընտրվում են Ազգային ժողովի կողմից:

18. Նույն հոդվածի նույն մասի երկրորդ պարբերությունում նշված «լինել անկախ եւ անաչառ եւ սկզբունքային» բառերն առաջարկում ենք փոխարինել «լինել անկախ,անաչառ եւ սկզբունքային» բառերով:

19. Նախագծի 123-րդ հոդվածի 6-րդ մասում «սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» բառերով, քանի որՆախագծի 123-րդ հոդվածի 6-րդ մասում խոսքը պետք է գնա իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող անձանց մասին:

20. Նախագծի 124-րդ հոդվածում առաջարկում ենք լրացնել դրույթ՝ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար Արդարադատության ակադեմիայում գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում կազմակերպելու վերաբերյալ այնպես, ինչպես դա արված է Նախագծի 123-րդ հոդվածի 11-րդ մասում՝ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար դատավորների առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակում ընդգրկվող իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող եւ գիտական գործունեությամբ զբաղվող անձանց համար:

21. Նախագծի 124-րդ հոդվածի 5-րդ մասում հղում է կատարվում նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, մինչդեռ Նախագծի 124-րդ հոդվածի 1-ին մասում 3-րդ կետը բացակայում է: Այդ առումով նշված հղումը վերանայման կարիք ունի:

22. Նախագծի 124-րդ հոդվածի 7-րդ մասում նշված «Արդարադատության խորհրդի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Բարձրագույն դատական խորհրդի» բառերով:

23. Նախագծի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին կատարված հղումը վերանայման կարիք ունի, քանի որ Նախագծի14-րդ հոդվածում 6-րդ մասը բացակայում է:

24. Նախագծի 128-րդ հոդվածի 4-րդ մասում եւ 129-րդ հոդվածի 2-րդ մասում նշված «սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն օրենսգրքի 127-րդ հոդվածի» բառերով:

25. Նախագծի 143-րդ հոդվածի 7-րդ մասում անորոշ է, թե կարգապահական վարույթը կարճելու մասին կարգապահական վարույթ հարուցող մարմիններն ինչ ժամկետում փոխադարձաբար պետք է տեղեկացնեն միմյանց:

26. Նախագծի 150-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝որոշումն ընդունվում է միայն Բարձրագույն դատական դատական խորհրդի անդամների ներկայությամբ: Կարծում ենք՝ այստեղ ավելորդ է ոչ միայն երկրորդ «դատական» բառը, այլեւ նախադասության նորմատիվային անհրաժեշտությունն ինքնին բացակայում է:

Նույն մասի երկրորդ նախադասության համաձայն՝ որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների փակ քվեարկությամբ՝ ձայների առնվազն 2/3-րդով:

Քանի որ այս հոդվածի 2-րդ մասն ամրագրում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է խորհրդի անդամների 2/3-րդի ներկայության դեպքում, կարծում ենք, որ 3-րդ մասի երկրորդ նախադասությունը պետք է ունենա հետեւյալ շարադրանքը. « Որոշումն ընդունվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստին ներկա անդամների փակ քվեարկությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-րդով»: Նման ձեւակերպումը թույլ կտա խուսափել այնպիսի կարգավորումից, որը հնարավորություն կտա 5 անդամների ձայնով լուծել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, ըստ այդմ՝ չի խաթարվի դատավոր եւ ոչ դատավոր անդամների հավասարակշռության սկզբունքը:

27. Նախագծի 156-րդ հոդվածի մասերի համարակալումը վերանայման կարիք ունի, քանի որ պահպանված չէ դրանց հաջորդականությունը:

28. Նախագծի 156-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ մասերում նույն հոդվածի 4-րդ մասին կատարված հղումները վերանայման կարիք ունեն, քանի որ Նախագծի 156-րդ հոդվածում 4-րդ մասը բացակայում է:

29. Նախագծի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով եւ օրենքներով Վճռաբեկ դատարանին, վերաքննիչ դատարաններին, առաջին ատյանի դատարաններին վերապահված լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացման նպատակով նշված դատարաններում ստեղծվում են աշխատակազմեր:

Առաջարկում ենք «, միջազգային պայմանագրերով» բառերը հանել՝ ապահովելու համար համապատասխանություն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի ձեւակերպմանը, որի համաձայն՝ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

30. Նախագծի 23-րդգլխի եւ 163-րդ հոդվածի վերնագրերում նշված «Եզրափակիչ» բառն անհրաժեշտ է փոխարինել «Եզրափակիչ մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջները:

31. Նախագծի 163-րդ հոդվածի 1-ին մասի շարադրանքն անհրաժեշտ է համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ մասին: Մասնավորապես՝Նախագծի 163-րդ հոդվածի 1-ին մասում նշված «ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը» բառերն անհրաժեշտ է փոխարինել «նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը» բառերով:

32. Նախագծի 163-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքը» բառերն անհրաժեշտ է փոխարինել ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-137-Ն օրենքը» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)