«19» հուլիսի 2017թ.                                                                                                                                     ԻՎ-ե-66

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-28-22.06.2017-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-281 -22.06.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` հավատարմագրված թանգարանը կարող է օգտվել պետական աջակցությունից, իսկ 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` թանգարաններին տրամադրվում է պետական աջակցություն` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով: Նախագծով սահմանվում է թանգարանների հավատարմագրման կամավորության սկզբունքը, մասնավորապես` 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` թանգարանը կարող է հավատարմագրվել ըստ ցանկության` թանգարանի ղեկավարի դիմումի հիման վրա, իսկ նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ պետական թանգարանները ենթակա չեն հավատարմագրման եւ համարվում են հավատարմագրված թանգարաններ:

Վերոհիշյալ 7-րդ մասով սահմանվում է իրավունք բացառապես հավատարմագրված թանգարանների համար օգտվել պետական աջակցությունից, մինչդեռ 26-րդ հոդվածի 3-րդ մասով պետությունը ստանձնում է պարտականություն տրամադրել բոլոր թանգարաններին` պետական, համայնքային եւ ոչ պետական, այդ թվում` հավատարմագրված եւ ոչ հավատարմագրված, պետական աջակցություն:

Գտնում ենք, որ Նախագծի վերոհիշյալ երկու նորմերի միջեւ առկա է հակասություն եւ առաջարկում ենք կատարել համապատասխան փոփոխություն:

2. Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանների ներքին կանոնակարգով: Այս նորմը հակասում է ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածին, համաձայն որի` ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

3. Նախագծի 14-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները կարող են օտարվել սեփականատիրոջ որոշմամբ` իր դիմումի համաձայն: Իսկ նույն հոդվածի 8-րդ մասը սահմանում է, որ ոչ պետական թանգարանում ընդգրկված թանգարանային առարկաներն ու հավաքածուները ենթակա են վաճառքի միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունը մեկամսյա ժամկետում չի օգտվում դրանց գնման նախապատվության իրավունքից: Այսպիսով, մի դեպքում սահմանվում է իրավունք ոչ պետական թանգարանի սեփականատիրոջ համար իր դիմումի հիման վրա օտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները, մյուս դեպքում սահմանվում է պայման, երբ այդ առարկաները եւ հավաքածուները կարող են օտարվել: Միասնական կարգավորում ապահովելու նպատակով առաջարկում ենք վերոհիշյալ երկու նորմերը համախմբել մեկ դրույթում:

4. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի լիազորությունները: Նույն մասի 13-րդ կետի համաձայն` վերջինս իրավասու է իրականացնելու ՀՀ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Վերոհիշյալ ձեւակերպումը, մասնավորապես` «եւ այլ իրավական ակտերով» եզրույթը, հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հետեւաբար, առաջարկում ենք 13-րդ կետից հանել «եւ այլ իրավական ակտերով» եզրույթը:

Նույնը վերաբերում է Նախագծի 23-րդ եւ 24-րդ հոդվածների 1-ին մասերի 3-րդ կետերին:

5. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ եւ 41-րդ հոդվածների 1-ին մասերը՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 8-րդ գլխի վերնագիրը՝ «Եզրափակիչ դրույթ» բառերը փոխարինելով «ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ» բառերով:

6. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները` առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածում «օրվանից» բառը փոխարինել «օրը» բառով:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի կանոնները:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-28-22.06.2017-ԳԿ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-281 -22.06.2017-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)