«28» օգոստոսի 2017թ.                                                                                                                             ԻՎ-ե-146

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-110-07.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Շուշան Սարդարյանի, Գեւորգ Պետրոսյանի եւ Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով փոփոխվող՝ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 21.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը բացառիկ դեպքերում, հաշվի առնելով որեւէ դատարանում դատարանի նախագահի, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորի ծանրաբեռնվածությունը, կարող է սահմանել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված հինգ տոկոսը գերազանցող տոկոսաչափեր: Նախագծի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»: Ստացվում է, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով փոփոխվող՝ Օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդի հետ միաժամանակ գործելու է Արդարադատության խորհուրդը, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորություններն իրականացնելու է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն՝ օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ «Այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը եւ ուժի մեջ են մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը», ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 214-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Արդարադատության խորհրդի անդամների լիազորությունները դադարում են, իսկ Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը»: Ուստի առաջարկում ենք ՀՀ դատական օրենսգրքի 21.2-րդ հոդվածի 5-րդ մասում նշված «Արդարադատության խորհուրդը» բառերը հանել, իսկ Նախագծի 4-րդ հոդվածով սահմանված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայել՝ համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին եւ Նախագծի 3-րդ հոդվածին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրում «լրացումներ» բառն անհրաժեշտ է փոխարինել «լրացում» բառով, քանի որ Նախագծով կատարվում է մեկ լրացում: Հիշյալ առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից:

2. Նախագծի 4-րդ հոդվածում նշված «հրապարման» բառն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակման» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-110-07.08.2017-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)