«04» սեպտեմբերի 2017թ.                                                                                                                                 ԻՎ-ե-151

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115-16.08.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Գեւորգ Գորգիսյանի, Մանե Թանդիլյանի եւ Արտակ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «բառակապակցությունից» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերից» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները:

2. Նախագծի 1-ին հոդվածում նշված «բառով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառը» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները:

3. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման պահից» բառերն անհրաժեշտ է փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի, բացառությամբ այդ օրենքի 6-րդ հոդվածի վերջին պարբերության եւ 26-րդ հոդվածի 4-րդ կետի, որոնք գործում են մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, գործողությունը դադարում է 2018 թվականի հունվարի 1-ից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                    Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-115-16.08.2017-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                      Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)