«17» հոկտեմբերի 2017թ.                                                                                                                                ԻՎ-ե-177

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-151-9.10.2017-ՊԻՄԻ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից ներկայացված ««Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծի վերնագրում նշված «ԱԺ» հապավումն անհրաժեշտ է փոխարինել «Ազգային ժողովի» բառերով, «ՀՀ» հապավումը՝ «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «2017 Թ.» բառերը՝ «2017 թվականի» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջները:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 1-ին կետին եւ 2-րդ կետի 1-ին ենթակետին:

2. Նախագծի նախաբանում նշված «սահմանադրական» բառից առաջ անհրաժեշտ է լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ ճիշտ նշելու համար «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի անվանումը:

3. Նախագծի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:

4. Նախագծի 1-ին կետը եւ 2-րդ կետի 1-ին ենթակետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, որի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար:

5. Նախագծի 2-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն. «Հանձնաժողովի գործունեության նպատակն է՝ Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ուսումնասիրություն կատարելը եւ դրա վերաբերյալ եզրակացություն կազմելն ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնելը», մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 107-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ: Բացի այդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովը կարող է ստեղծվել պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու համար: Այդ առումով Նախագծով սահմանված ժամանակավոր հանձնաժողովի նպատակը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 107-րդ հոդվածով, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակավոր հանձնաժողովի գործունեության բնույթից եւ շրջանակներից: Ուստի Նախագծի նշված ենթակետը վերանայման կարիք ունի:

6. Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետում անհրաժեշտ է նախատեսել պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետներին վերաբերող դրույթներ՝ նկատի ունենալով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաեւ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները:

7. Նախագծի 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված «երկարացվել» բառն անհրաժեշտ է փոխարինել «երկարաձգվել» բառով՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները:

8. Նախագծի 2-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանվում են հանձնաժողովի լիազորությունները: Նշված ենթակետում բացակայում է հանձնաժողովի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված լիազորությունը՝ «քննարկում եւ Ազգային ժողով եզրակացություն է ներկայացնում իր իրավասությանը վերապահված հարցի վերաբերյալ»: Հետեւաբար, առաջարկում ենքՆախագծի նշված ենթակետում լրացնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված դրույթը:

Բացի այդ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը սպառիչ սահմանում է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ կարգավորվող հարաբերությունների շրջանակը: Այսպես՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ազգային ժողովի որոշմամբ սահմանվում են հանձնաժողովի անվանումը, գործունեության ժամկետը, ինչպես նաեւ նրա իրավասությանը վերապահված նախագծի կամ պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ եզրակացությունների ներկայացման ժամկետները: Մինչդեռ, Նախագծով կարգավորվում են Հանձնաժողովի լիազորությունների, Հանձնաժողովի հարցումների, հանձնաժողովի եզրակացությունը քննարկելու եւ ինտերնետային կայքում տեղադրելու, հանձնաժողովի նիստերի անցկացման, հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ ընտրելու, Հանձնաժողովի գործունեության ապահովման, Հանձնաժողովի լիազորությունների ավարտման հետ կապված հարաբերութունները, ինչն արդեն իսկ կարգավորված է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով: Այդ առումով Նախագծի 2-րդ կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ,11-րդ, 12-րդ եւ 13-րդ ենթակետերն անհրաժեշտ է հանել:

9. Նախագծի 2-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ հանձնաժողովի եզրակացությունը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, մինչդեռ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքովՀանձնաժողովի եզրակացությունը Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու պահանջ նախատեսված չէ:

10. Նախագծի 2-րդ կետի 9-րդ ենթակետի վերաբերյալ հայտնում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովն ունի իր աշխատակարգը, որը Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան, հաստատվում է հանձնաժողովի որոշմամբ:

11. Նախագծի 2-րդ կետի 13-րդ ենթակետն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին:

Այսպես՝ Նախագծի 2-րդ կետի 13-րդ ենթակետում նշված «գործունեությունը դադարում է» արտահայտության վերաբերյալ հայտնում ենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն ավարտվում են նրա գործունեության ժամկետն ավարտվելու կամ լուծարվելու դեպքում:

Նախագծի նույն ենթակետի պարբերություններով սահմանված հանձնաժողովի լիազորությունների ավարտման հիմքերը չեն համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ «Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունները դադարում են նաեւ հետեւյալ դեպքերում.

1) պատգամավորական էթիկային առնչվող հարցի վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունն Ազգային ժողով ներկայացվելու պահից.

2) այն պատգամավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքում, որի վերաբերյալ հարցը հանձնաժողովը քննում է»:

12. Նախագծի 2-րդ կետի 5-րդ ենթակետի եւ 13-րդ ենթակետի պարբերությունների համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին:

13. Հարկ ենք համարում նաեւ նշել, որ սույն որոշման ընդունման դեպքում անհրաժեշտ է Հանձնաժողովի որոշմամբ Խորհրդի սահմանած օրինակելի աշխատակարգին համապատասխան հաստատել Հանձնաժողովի աշխատակարգը: Հիշյալ առաջարկությունը բխում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-151-09.10.2017-ՊԻՄԻ-012/0) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Հայաստանի Հանրապետության 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով նախատեսված պատգամավորական էթիկայի կանոնները խատելու վերաբերյալ» Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծին առնչվող Ազգային ժողովի այլ որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)