ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-163-24.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ «Օտարերկրյա ներդորւմների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) բոլոր չորս բաժիններն առաջարկում ենք դարձնել գլուխներ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

3. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 2-րդ հոդվածն առաջարկում ենք վերածել նախաբանի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

4. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք տալ նաեւ այդ հոդվածում օգտագործվող «չհայերանադարձված եկամուտ» արտահայտության հասկացությունը՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

5. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 7-րդ հոդվածում երկու անգամ գործածվող «ներդրումի» բառն առաջարկում եք փոխարինել «ներդրման» բառով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

6. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի ձեւակերպումն առաջարկում ենք համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 29-րդ հոդվածի ձեւակերպմանը:

7. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 9-րդ հոդվածի «կշարունակի» բառն առաջարկում ենք փոխարինել «կարող է շարունակել» բառերով:

8. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 11-րդ հոդվածի ամբողջ տեքստում «փոխհատուցում» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերն առաջարկում ենք փոխարինել «հատուցում» բառով եւ դրա համապատասխան հոլովաձեւերով:

9. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի «1-3 մասերի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-3-րդ մասերից» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի կանոնները:

10. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 4-րդ բաժնի (ինչպես արդեն նշել ենք, այն պետք է գլուխ լիներ) եւ 19-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք դարձնել «Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ»՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի կանոնները:

11. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

12. Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն իրականացված ներդրումների մասով օտարերկրյա ներդրողի ընտրությամբ հինգ տարվա ընթացքում կարող է կիրառվել 1994 թ. հուլիսի 31-ի «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՕ-115 օրենքի դրույթները, ինչի մասին սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրողը կամ օտարերկրյա ներդրմամբ կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

Նշենք, որ Նախագծով նոր Օրենք չի ընդունվում, այլ ամբողջությամբ նոր խմբագրությամբ է շարադրվում գործող օրենքը, ուստի ձեւակերպումը սխալ է: Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող՝ Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հետեւյալ ձեւակերպումը.

«3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն իրականացված ներդրումների մասով օտարերկրյա ներդրողի ընտրությամբ հինգ տարվա ընթացքում կարող է կիրառվել «Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող դրույթները, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում օտարերկրյա ներդրողը կամ օտարերկրյա ներդրմամբ կազմակերպությունը գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-163-24.10.2017-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Օտարերկրյա ներդրումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան (հեռ. 011-513-337)