ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-223-15.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդեւան Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասում անդրադարձ է կատարվում օրենքի նպատակին: Առաջարկում ենք այն դարձնել նախաբան՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀԸ օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնները:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ «Օրենքի կարգավորման առարկան գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված հարաբերություններն են», մինչդեռ Նախագծում բացակայում են օրենքի կարգավորման առարկային վերաբերող կարգավորումները: Մասնավորապես՝ Նախագծում պարզ չէ, թե գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության իրականացման համակարգն ինչպես է ձեւավորվելու, նշված ձեւավորմամբ ինչ առանձնահատկություններ են սահմանվելու : Կարգավորված չեն պետական աջակցության իրականացման համակարգի ձեւավորման եւ գործունեության հետ կապված պետական մարմինների լիազորությունների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ պետական աջակցության բնագավառում պետական աջակցության սուբյեկտների՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքները եւ պարտականությունները: Ուստի, Նախագծով անհրաժեշտ է կարգավորել նշված հարաբերությունները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-223-15.12.2017-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

«Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                                        Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)