ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-324-31.05.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդեւան Գրիգորյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «ավելացնել նոր պարբերություն հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր պարբերություն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացումն առաջարկում ենք կատարել՝ 1.1-ին մաս նախատեսելով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ մասը: Նախագծի 3-4-րդ հոդվածներում առաջարկում ենք նշել, որ լրացվում է մաս, ոչ թե պարբերություն, իսկ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 3-րդ հոդվածի համաձայն՝ սահմանափակվում է առեւտրի օբյեկտներում ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից առեւտրի իրականացումը: «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի երրորդ պարբերության համաձայն՝ առեւտրի օբյեկտը գույքային համալիր է (հողամաս, շենք, կառույց), որն օգտագործվում է ապրանքների առուվաճառքի համար, իսկ Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ առեւտրային ցանցը ընդհանուր կառավարման ներքո կամ միեւնույն առեւտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առեւտրային օբյեկտների համախումբ է, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը: Հետեւաբար Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվող ձեւակերպման արդյունքում ներմուծող եւ մեծածախ առեւտուր իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի համար ընդհանրապես է սահմանափակվելու առեւտրի իրականացման հնարավորությունը, ինչը հակասում է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                         Ա. Աղաբաբյան (հեռ. 011-513-472)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին կից առաջարկում ենք ներկայացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որտեղ պատասխանատվություն նախատեսել առեւտրային ցանցում շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 20:00-ից մինչեւ ժամը 22:00-ն ընկած ժամանակահատվածում մանրածախ առեւտրի իրականացումը չդադարեցնելու համար:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`   Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                          Ա. Աղաբաբյան (հեռ. 011-513-472)