ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-366-11.09.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքն ունի հետադարձ ուժ, որը տարածվում է այն բոլոր քրեական գործերի վրա, որոնցով վերջնական պատժաչափի հաշվակցումը կատարվել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի գործող խմբագրությանը համապատասխան:

Առաջարկում ենք հետադարձ ուժը տարածել ոչ միայն այն քրեական գործերի վրա, որոնցով արդեն իսկ կատարվել է պատժաչափի հաշվակցումը, այլեւ այն քրեական գործերի վրա, որոնցով արարքը կատարվել է մեկ օրը մեկ օրվա դիմաց հաշվելու կարգավորման ժամանակահատվածում, սակայն հաշվակցում դեռ չի կատարվել:

Սույն առաջարկության ընդունումը կբխի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասից եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասից:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «2003 թվականի ապրիլի 18-ի» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2. Նախագծի 2-րդ հոդվածը «համապատասխան» բառից հետո առաջարկում ենք լրացնել «, այն է՝ մեկ օրի հաշվումը մեկ օրվա դիմաց» բառերով՝ Նախագծի ընդունումից հետո տարընկալումներից խուսափելու նպատակով:

3. Առաջարկում ենք Նախագծում սահմանել ընթացակարգ՝ համապատասխան մեխանիզմներով, թե ինչպես է առաջարկվող կարգավորման համատեքստում պատժաչափը հաշվակցվելու՝ քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող այն անձանց, ում նկատմամբ մինչեւ մեղադրական դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կիրառվել է կալանքը որպես խափանման միջոց, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ դեռեւս չկա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, եւ անձի նկատմամբ կիրառվել էր կալանքը՝ որպես խափանման միջոց:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝  Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                   Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)