ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-251-13.08.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արման Աբովյանի, Դավիթ Մանուկյանի, Հրանտ Մադաթյանի եւ Էդուարդ Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում առաջարկում ենք «փոփոխություն» բառը փոխարինել «փոփոխություններ» բառով՝ հաշվի առնելով, որ Նախագծով նախատեսվում է Օրենսգրքում կատարել մեկից ավելի փոփոխություններ:

2. Առաջարկում ենք Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունը եւ լրացումը տեղերով փոխել Նախագծի1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսված փոփոխությունների եւ լրացումների հետ՝ Օրենսգրքի փոփոխվող (լրացվող) հոդվածների տրամաբանական հաջորդականությունը պահպանելու համար:

3. Նախագծի 5-րդ եւ 6-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունը եւ լրացումն առաջարկում ենք նախատեսել մեկ հոդվածով , մասնավորապես՝ Նախագծի 1-ին հոդվածով՝ հաշվի առնելով, որ նշված փոփոխությունը եւ լրացումը վերաբերում են Օրենսգրքի միեւնույն հոդվածի միեւնույն մասին (Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մաս):

4. Հաշվի առնելով, որ Նախագծի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունները եւ լրացումը վերաբերում են Օրենսգրքի միեւնույն հոդվածի (Օրենսգրքի 36-րդ հոդված) տարբեր մասերին՝ առաջարկում ենք նշված փոփոխությունները եւ լրացումը Նախագծում նախատեսել մեկ հոդվածում՝ առանձին մասերով, մասնավորապես՝ շարադրել Նախագծի 2-րդ հոդվածում եւ որպես 1-ին մաս՝ նոր պարբերությամբ նախատեսել Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությունը, որպես 2-րդ մաս՝ նոր պարբերությամբ շարադրել Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներով նախատեսվող փոփոխությունները, այնուհետեւ որպես 3-րդ մաս՝ Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսված լրացումը ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի պահանջները:

Բացի վերոգրյալից հայտնում ենք նաեւ հետեւյալը.

1. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասում Նախագծով նախատեսվող փոփոխության արդյունքում ստացվում է, որ արտադրական նշանակության պետական եւ համայնքային անտառներում բնափայտի մթերումն իրականացվելու է միջանկյալ (լուսավորության, մաքրման, նոսրացման, անցումային), խնամքի եւ սանիտարական հատումների արդյունքում: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ խնամքի եւ միջանկյալ հատումները Օրենսգրքում օգտագործվում են միեւնույնիմաստով, ըստ որի՝ խնամքի (միջանկյալ) հատումները՝ դա ծառուտում գլխավոր անտառատեսակ կազմող ծառատեսակի աճին խոչընդոտող դանդաղաճ ծառերի պարբերաբար հեռացումն է, իսկ այլ հատումները ՝ անտառային տարածքների մաքրման, անտառային ճանապարհների կառուցման, անտառային տնտեսության վարման հետ չկապված ՝ օրենքով սահմանված աշխատանքների կատարման նպատակով ծառերի հատումները: Այսինքն՝ Նախագծով նախատեսվող վերոգրյալ լրացման պարագայում ստացվում է, որ լուսավորության, մաքրման, նոսրացման, անցումային նպատակներով հատումները չեն համարվում միջանկյալ հատումներ, այլ դրանք ըստ էության՝ այլ հատումներ են: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծով կատարվող վերը նշված լրացումը չի համապատասխանում Օրենսգրքի 3-րդ հոդվածին: Հետեւաբար՝ առաջարկում ենք խմբագրել Նախագիծն՝ այն համապատասխանեցնելով Օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներին: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք անդրադառնալ նաեւ Օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում Նախագծով նախատեսվող՝ նույն բովանդակությամբ լրացմանը:

Միաժամանակ առաջարկում ենք քննարկել նաեւ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում «միջանկյալ (խնամքի) հատման» իրավակարգավորումը նախաձեռնության բովանդակությանը համահունչ դարձնելու հարցը:

2. Օրենսգրքի 36-րդ հոդվածում Նախագծով նախատեսվող նոր՝ 2.1-ին մասի լրացման պարագայում ստացվում է, որ պաշտպանական կամ հատուկ նշանակության անտառներում բնափայտի մթերման նպատակով հատումներն իրականացվելու են անտառավերականգնման կամավոր ընտրողական հատումների եղանակով՝ անտառի շահերից ելնելով հատման են նշանակվելու հասուն, գերհասուն, վնասված, հիվանդություններով ու վնասատուներից վարակված, բնական վերաճին խանգարող ծառերը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ անտառավերականգնման հատումները ՝ դա հասուն եւ գերհասուն անտառներում բնական միջավայրի բարելավման եւ անտառավերականգնման նպատակով իրականացվող հատումները, իսկ սանիտարական հատումները ` անտառների սանիտարական վիճակի բարելավման նպատակով վնասատուների ու հիվանդությունների բացասական ազդեցության հետեւանքով կենսունակությունը կորցրած կամ ցցաչոր եւ չորացած ծառերի հատումներն են: Այսինքն, ստացվում է, որ նախատեսվող անտառավերականգնման կամավոր ընտրողական հատման եղանակն ըստ էության կրկնում է անտառավերականգնման եւ սանիտարական հատման համար Օրենսգրքով սահմանված հասկացությունների բովանդակությունը: Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պաշտպանական նշանակության անտառներում արգելվում է անտառավերականգնման հատումների իրականացումը: Հետեւաբար, ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծով նախատեսված ՝ Օրենսգրքի 36-րդ հոդվածում նոր 2.1-ին մասով կատարվող լրացումը հակասում է Օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին

(հեռ. 011-513-361)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կատարող՝ Պետաիրավական փորձաքննության բաժին

(հեռ. 011-513-361)