ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-277-12.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Կարինե Պողոսյանի, Վարդան Վարդանյանի, Արտյոմ Ծառուկյանի եւ Ջանիբեկ Հայրապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածով նախատեսված ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների շարքում սահմանել նաեւ ամուսնության կնքման արգելք նույն սեռի անձանց միջեւ եւ այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկը փոխել է սեռը:

Փորձաքննության արդյունքները.

Նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն՝

«1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:

2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության եւ բարոյականության պաշտպանության նպատակով»:

Ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունքները տարբեր ձեւակերպումներով իրենց ամրագրումն են գտել մարդու իրավունքների ոլորտին վերաբերող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում, որոնց անդամակցում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը:

Մասնավորապես՝ 1948 թվականին ընդունված «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 16-րդ հոդվածի համաձայն` չափահաս տղամարդիկ ու կանայք, առանց ռասայական, ազգային կամ կրոնական որեւէ սահմանափակման, իրավունք ունեն ամուսնանալ եւ ընտանիք կազմել: Նրանք հավասար իրավունքներ ունեն ամուսնանալիս, ամուսնության ընթացքում եւ ամուսնալուծվելիս: Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:

1950 թվականին ընդունված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի համաձայն` ամուսնական տարիքի հասած տղամարդիկ ու կանայք ունեն ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք` այդ իրավունքի իրականացումը կարգավորող ներպետական օրենսդրությանը համապատասխան:

1966 թվականին ընդունված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 23-րդ հոդվածի համաձայն` ամուսնության տարիքի հասած տղամարդկանց եւ կանանց համար ճանաչվում է ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունքը: Ոչ մի ամուսնություն չի կարող կայանալ առանց ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության:

Ինչպես նկատում ենք վերոշարադրյալ իրավադրույթներից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ մի շարք միջազգային փաստաթղթերով ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունքները վերապահված են ոչ թե առհասարակ ամուսնական տարիքի հասած անձանց, այլ ամուսնական տարիքի հասած տղամարդկանց եւ կանանց:

Տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնության կնքման պայմանը նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, որի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի»:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնության կնքման պայմանի նախատեսմամբ ամուսնանալու ազատության իրավունքը սահմանափակվել է՝ նպատակ հետապնդելով պահպանել ոչ միայն ազգային ավանդույթները, այլ նաեւ ապահովել սերունդների հաջորդականությունը, ընտանիքի պաշտպանությունը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ «Ընտանիքը, որպես հասարակության բնական եւ հիմնական բջիջ, բնակչության պահպանման եւ վերարտադրման հիմք, ինչպես նաեւ մայրությունը եւ մանկությունը պետության հատուկ պաշտպանության եւ հովանավորության ներքո են»: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մակարդակով որպես հասարակության վերարտադրման հիմք ճանաչվել է ընտանիքը: Իսկ ընտանիքի այս առաքելությունն իրագործելու նախադրյալը տղամարդու եւ կնոջ միջեւ ամուսնության պայմանի նախատեսումն է, ինչն արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով:

Միաժամանակ հարկ է նկատել, որ ՀՀ օրենսդրությամբ որոշակի հատվածային կարգավորումներ են նախատեսված սեռի փոփոխության հետ կապված հարաբերությունների կարգավորման համար: Մասնավորապես՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի համաձայն՝ «Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է հետեւյալ դեպքերում.

ա) …

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ»:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիական կացության ակտերը քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ բնութագրում են քաղաքացիների իրավական վիճակը»:

Այսպիսով, եթե պետությունը սեռի փոփոխության հիմքով քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ փոփոխություն է կատարում եւ դրանով իսկ փոխում անձի իրավական վիճակը, ապա անձը ձեռք է բերում այդ իրավական վիճակով պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր իրավունքները, այդ թվում՝ հակառակ սեռի ներկայացուցչի հետ ամուսնանալու իրավունքը: Այլապես՝ նման անձինք ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունքներից առհասարակ կզրկվեն:

Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը Քրիստին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով նշել է, որ եթե սեռը փոխած անձը զրկված է (ոչ ի ծնե սեռին հակառակ) հակառակ սեռի հետ ամուսնության իրավունքից, ապա սահմանափակված է վերջինիս ամուսնության իրավունքի բուն էությունը, որով խախտվում է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ հոդվածը:

Միաժամանակ գտնում ենք, որ սեռի փոփոխության հետ կապված իրավահարաբերությունների կարգավորումները եւս սահմանադրականության խնդիր կարող են առաջացնել՝ իրավական որոշակիության տեսանկյունից: Պետությունը պետք է այդ հարաբերություններն այնքան հստակ կարգավորի, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ամուսնաընտանեկան հարաբերությունների սկզբունքները չխախտվեն, այդ թվում՝ պահպանելով ընտանիքը որպես բնակչության վերարտադրման հիմք:

Մարդու իրավուքների Եվրոպական դատարանը Քրիստին Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով նաեւ նշել է, որ անձի սեռը որոշելու համար հարկավոր է հաշվի առնել անձի կենսաբանական եւ ֆիզիկական բնութագրերը ծննդյան ժամանակ, անձի կյանքի փորձը, ներառյալ սեռը, որով նա դաստիարակվել է եւ անձի վերաբերմունքը դրա նկատմամբ, անձի ինքնուրույն ընկալումը որպես տղամարդ կամ կին, այն չափը, որով անձը գործել է հասարակության մեջ որպես տղամարդ կամ կին, ցանկացած հորմոնալ, վիրաբուժական կամ այլ բուժում, որն անցել է անձը, եւ այդպիսի բուժման հետեւանքները, ամուսնության պահին անձի կենսաբանական, հոգեբանական եւ ֆիզիկական բնութագրերը ...:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ՝» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծի 2-րդ հոդվածում «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                       ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ