ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-281-13.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի եւ Հրանտ Մադաթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծով նախատեսվում է որդեգրելու իրավունք չունեցող անձանց շարքում ներառել նաեւ այն անձանց, ովքեր ամուսնացած են նույն սեռի ներկայացուցիչների հետ ՝ նման ամուսնություն թույլատրող պետության օրենսդրությանը համապատասխան:

Նշված լրացման կապակցությամբ նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միեւնույն երեխային»: Սույն դրույթից բխում է, որ միեւնույն երեխային երկու անձի կողմից որդեգրելու համար անհրաժեշտ պայման է օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնությունը: Թեեւ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը չի պարունակում հստակ դրույթ այն մասին, որ նույն սեռի անձինք չեն կարող երեխա որդեգրել, այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ որդեգրել կարող են միայն օրինական ամուսնության մեջ գտնվող ամուսինները, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ճանաչվում է միայն տղամարդու եւ կնոջ միջեւ կնքված ամուսնությունը, հիմք է տալիս ենթադրելու, որ նույն սեռի անձինք չեն կարող հանդես գալ որպես որդեգրող: Ուստի, գտնում ենք, որ նշված լրացմամբ նախատեսված հարցի կարգավորումն արդեն իսկ սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Նախագծով նախատեսվում է որդեգրելու իրավունք չունեցող անձանց շարքում ներառել նաեւ սեռը փոխած անձին:

Նշված լրացման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ անձի կողմից սեռը փոխելու վերաբերյալ նախատեսված են որոշակի կարգավորումներ: Մասնավորապես՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի «գ» կետի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳմարմնի եզրակացությունը կազմվում է այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Քաղաքացիական կացության ակտերը քաղաքացիների այնպիսի գործողությունները կամ դեպքերն են, որոնք առաջացնում, փոփոխում կամ դադարեցնում են նրանց իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ բնութագրում են քաղաքացիների իրավական վիճակը»: Նշված իրավադրույթներից բխում է, որ անձի սեռի փոփոխությունը համապատասխան հիմքերի առկայության դեպքում ճանաչվում է պետության կողմից, որի արդյունքում տվյալ անձին փոփոխված սեռին համապատասխան իրավական կարգավիճակ է տրվում: Այսինքն՝ եթե պետությունը սեռի փոփոխության հիմքով քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ փոփոխությունէ կատարում եւ դրանով իսկ փոխում անձի իրավական կարգավիճակը, ապա անձը ձեռք է բերում այդ իրավական կարգավիճակով պայմանավորված բոլոր իրավունքները, այդ թվում՝ նաեւ որդեգրելու իրավունքը: Հետեւաբար, ելնելով օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքներից, պետք է պարզ եւ հստակ լինի որոշակի կատեգորիայի անձանց իրավունքի սահմանափակման իրավաչափ նպատակն այն պայմաններում, երբ տվյալ անձի սեռի փոփոխությունը ճանաչվում է պետության կողմից: Բացի այդ, նշենք, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Որդեգրումը համարվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի եւ դաստիարակության կազմակերպման նախապատվելի ձեւը» :

Վերոգրյալից բացի՝ հավելենք, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է որդեգրման բավականին բարդ եւ ժամանակատար գործընթաց, եւ այդ պարագայում երեխայի շահերի խախտման վտանգի առկայության դեպքում իրավասու մարմնի կողմից տրվող որդեգրման հիմնավորվածության եզրակացությունը կարող է պարզապես բացասական լինել:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ սեռը փոխած անձի կողմից որդեգրելու իրավունքի արգելքի նախատեսումը կարող է առաջացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, մասնավորապես՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության եւ խտրականության արգելքի սահմանադրական սկզբունքների հետ անհամապատասխանություն:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է երկու ենթակետի լրացում, առաջարկում ենք Նախագծի վերնագրում «լրացում» բառը փոխարինել «լրացումներ» բառով: Սույն առաջարկը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

2. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված իրավական ակտի ընդունման ամսաթվից հետո լրացնել հերթական համարը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ՝» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող`Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                            ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող`Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248)