ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-296-25.09.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Իվետա Տոնոյանի, Շաքե Իսայանի, Էդուարդ Բաբայանի եւ Դավիթ Մանուկյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Առաջարկում ենք Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում մեծատառերով նշել «ՆԱԽԱԳԻԾ» բառը՝  հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ: Նոր խմբագրությամբ շարադրելու դեպքում իրավական ակտում տեղի է ունենում փոփոխություն եւ ոչ թե լրացում: Ուստի, առաջարկում ենք Նախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «լրացում» բառը փոխարինել «փոփոխություն» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով սահմանված իրավական ակտի անվանումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին, այն է՝ «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Քրեական դատավարության» բառերով՝ հանելով իրավական ակտի հերթական համարից հետո նշված «քրեական դատավարության» բառերը:

4. Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված հարկադրանքի միջոցը կիրառել ոչ միայն հանրային ծառայության մեջ գտնվող պաշտոնատար անձ հանդիսացող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ, այլեւ առհասարակ աշխատողների նկատմամբ, որոնք մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ են ստացել, անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի վերնագ իրը համապատասխանեցնել բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մաս ը :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                     ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)




ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

1. Նախագծով նախատեսվում է աշխատողի աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցման հնարավորություն՝ չանդրադառնալով այդ ընթացքում նրա սոցիալական պաշտպանության ապահովման հարցերին: Կարծում ենք, Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում իրավադրույթներ նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի հիման վրա աշխատանքային պարտականությունների ժամանակավոր դադարեցման դեպքում աշխատողի աշխատավարձի վճարման կարգի եւ չափի վերաբերյալ: Հարկ է նկատել, որ նշված հարցը հանրային ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու դեպքերում կարգավորված է համապատասխան օրենքներով: Օրինակ՝ «Փրկարար ծառայության մասին» օրենքի 59-րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն՝ «Ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչեւ քրեական գործի ավարտը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում ծառայողին աշխատավարձ վճարվում է մինչեւ երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի արդարացնող հիմքով ավարտի դեպքում»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատավորի լիազորությունները կասեցնելու ընթացքում դատավորն ստանում է հատուցում` որպես ոչ աշխատողի մեղքով պարապուրդում գտնվող»: Նույնաբովանդակ կարգավորում նախատեսված է նաեւ «Դատախազության մասին» օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասում:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում անհրաժեշտ է լրացումներ կատարել՝ աշխատանքային պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցում դատավարական հարկադրանքի միջոցի կիրառման ժամանակահատվածում աշխատողների աշխատավարձի վճարման չափի եւ կարգի վերաբերյալ, քանզի հանրային ծառայողների համար այլ օրենքներում նման կարգավորումների առկայության պայմաններում առհասարակ աշխատողների վերաբերյալ նման կարգավորում չնախատեսելը չի բխում օրենքի առջեւ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքի էությունից:

2. Միաժամանակ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորված չէ նաեւ այն հարցը, թե դատախազի կամ քննիչի՝ աշխատողի աշխատանքային պարտականությունների ժամանակավոր դադարեցման մասին որոշումն ինչ իրավական հետեւանքներ է առաջացնում աշխատողի եւ գործատուի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության համար: Ուստի գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով հարկ է կարգավորել նաեւ դատախազի կամ քննիչի կողմից աշխատողի աշխատանքային պարտականությունների ժամանակավոր դադարեցման որոշման կայացման դեպքում աշխատանքային պայմանագրի գործողության կասեցման հարցը:

3. Նախագծին առնչվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:


ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                    ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ`Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Վասիլյան (հեռ.՝ 011-513-616), (201)