ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Փախստականներիեւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-307-04.10.2019-ՊԻ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-3071 -04.10.2019-ՊԻ-011/0)վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգովներկայացված ««Փախստականներիեւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

««Փախստականներիեւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքինախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածում նոր խմբագրությամբ է շարադրվում «Փախստականներիեւ ապաստանի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 28-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ «Հայաստանի Հանրապետություն ապօրինի մուտք գործելու կամ գտնվելու համար քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում փախստականների, ինչպես նաեւ այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ուղղակիորեն գալով այն տարածքից, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը վտանգվում էր սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով, մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում առանց թույլատրության, պայմանով, որ նրանք անձամբ, առանց ձգձգման, ներկայանան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին եւ մատնանշեն իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը» : Նշված փոփոխությունից բխում է, որ ապաստան հայցողի նկատմամբ կարող են կիրառվել քրեական եւ վարչական պատասխանատվության միջոցներ, եւ այդ միջոցները չեն կիրառվի Նախագծով նախատեսված պայմանների առկայության դեպքում: Մինչդեռ Նախագծով նշված պայմանների նախատեսումը կարող է խնդրահարույց լինել սահմանադրորեն ամրագրված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից: Մասնավորապես, Նախագծով նախատեսված կարագավորումը, մեր կարծիքով, ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա ապաստան հայցողին համապատասխանեցնել իր վարքագիծը տվյալ կարգավորումներին:

Այսպես, Նախագծի 1-ին հոդվածում նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է այն ապաստան հայցողներին, որոնք անձամբ առանց ձգձգմաններկայանում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Մինչդեռ հարկ է նկատել, որ ապաստան հայցողի կարգավիճակ օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձն ինքնին ձեռք է բերում, երբ ապաստան ստանալու խնդրանք կամ դիմում է ներկայացնում իրավասու մարմիններին Օրենքի 13-րդ հոդվածին համապատասխա ն (ապաստանի խնդրանքը անձամբ է տրվում՝ առերես արված ցանկացած հայտարարության միջոցով, իսկ դիմումը գրավոր կերպով է ներկայացվում): Այսինքն՝ Նախագծի 1-ին հոդվածով որպես քրեական կամ վարչական պատասխանատվության ոչ ենթակա սուբյեկտ է նախատեսվում ապաստան հայցող անձը, որին նույն հոդվածով վերագրվող մյուս պայմաններն ավելորդ են, քանի որ այդ սուբյեկտն ապաստան հայցողի կարգավիճակ չի կարող ձեռք բերել առանց իրավասու մարմիններին դիմելու: Արդյունքում անհասկանալի է, թե Հայաստանի Հանրապետություն մուտք գործելուց հետո ինչ ժամկետում ապաստան հայցողը պետք է անձամբ առանց ձգձգման ներկայանա իրավասու մարմիններին՝ քրեական կամ վարչական պատասխանատվությունից ազատվելու համար:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով հղում է տրվում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին, որը սահմանում է փախստականի հասկացությունը, մինչդեռ ապաստան հայցողի հասկացության սահմանումն արդեն իսկ տրված է Օրենքի 5-րդ հոդվածում: Արդյունքում Նախագծով ապաստան հայցողի կարգավիճակը սահմանափակվում է փախստականին վերագրվող հատկանիշներով՝ ապաստան հայցողին նույնացնելով փախստականի հետ: Մինչդեռ ապաստան հայցողների շրջանակն ավելի լայն է:

2. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթի առաջին հոդվածներով սահմանված իրավական ակտերի անվանումները համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ առաջարկում ենք Նախագծերի փաթեթի 1-ին հոդվածներում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                          ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248) (118),

Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)