ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-328-28.10.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 141-րդ հոդվածի 11-րդ եւ 12-րդ կետերը, մասնավորապես՝ նոր խմբագրությամբ շարադրված 12-րդ կետի համաձայն՝ « կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանքից անմիջապես ազատել անձին, որի ազատման համար սույն հոդվածի 11-րդ կետով նախատեսված գործողությունը կատարված է», իսկ նոր խմբագրությամբ շարադրված 11-րդ կետը պարտականություն է նախատեսում ապահովելու այն անձանց ծանոթացումը կալանավորման եւ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ նշանակելու մասին որոշումներին , ովքեր ցանկություն են հայտնել ներդրում կատարելով կամ երաշխավորությամբ մեղադրյալին ազատել կալանքից: Այսինքն ստացվում է, որ ներդրում կատարելով կամ երաշխավորությամբ մեղադրյալին կալանքից ազատելու ցանկություն հայտնած անձանց՝ կալանավորման եւ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցներ նշանակելու մասին որոշումներին ծանոթացման փաստը բավարար է վարչակազմի վրա՝ անձին կալանքից անմիջապես ազատելու պատականություն դնելու համար: Բացի դրանից, Օրենսգրքի 141-րդ հոդվածի գործող կարգավորմամբ 12-րդ կետը կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի համար պարտականություն է սահմանում կալանքից անմիջապես ազատելու անձին այն դեպքում, երբ դատարանի կողմից նշանակված գրավը լրիվ մուծված է:

Այդ կապակցությամբ գտնում ենք, որ նախատեսված փոփոխությունը չի բխում Օրենսգրքի եւ Նախագծով առաջարկվող մյուս կարգավորումների (տես՝ Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը) տրամաբանությունից: Նույնի մասին վկայում է նաեւ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 11-րդ կետը, որը պարտականություն է սահմանում վարչակազմի համար՝ ապահովելու այն անձանց ծանոթացումը կալանավորման եւ գրավ նշանակելու մասին դատարանի որոշումներին, որոնք ցանկություն են հայտնել գրավ մուծելով մեղադրյալին ազատել կալանքից:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Նախագծի 5-րդ հոդվածով խմբագրվող 12-րդ կետով նախատեսել մեղադրյալին կալանքից ազատելու պարտականությունը այն դեպքում, երբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունը կատարված է :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող ` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118),