ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-356-12.11.2019-ԱՍ-011/0), ««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -3561 -12.11.2019-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանր ա պետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -3562 -12.11.2019-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ -3563 -12.11.2019-ԱՍ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված (օրենսդրական նախաձեռնությանը որպես համահեղինակներ միացել են Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Լուսինե Բադալյանը) ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «1. Խնամակալությունը սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների, 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված , ինչպես նաեւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ»: Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխության արդյունքում խնամակալություն կարող է նշանակվել նաեւ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված քաղաքացիների նկատմամբ, որը, ըստ Նախագծերի փաթեթի հիմնավորման, նպատակ է հետապնդում ընդլայնելու խնամակալ ճանաչվելու հնարավորությունը: Ըստ հիմնավորման՝ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված քաղաքացիներն ունեն գործունեության այնպիսի սահմանափակումներ, որ առանց մեկ այլ անձի չեն կարող ապահովել իրենց կենսագործունեությունը:

Վերոգրյալի համատեքստում հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 79-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի , որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ»:

Սահմանադրություն 75-րդ հոդվածի համաձայն՝ « Հիմնական իրավունքները եւ ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձեւավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձեւակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իր վարքագծի իրավական հետեւանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը եւ կանխատեսելիությունը (տե՛ս, Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

Իրավական որոշակիության սկզբունքի կապակցությամբ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում արձանագրել է, որ որեւէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք» եթե ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ կտա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի եւ չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խնամակալությունը եւ հոգաբարձությունը սահմանվում են անգործունակ կամ սահմանափակ գործունակ քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար: Անչափահասների նկատմամբ խնամակալություն եւ հոգաբարձություն սահմանվում է նաեւ նրանց դաստիարակելու նպատակով: Դրան համապատասխան, խնամակալների եւ հոգաբարձուների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընտանիքի մասին օրենսգրքով:

2. Խնամակալները եւ հոգաբարձուներն առանց հատուկ լիազորության հանդես են գալիս իրենց խնամարկյալների իրավունքների ու շահերի պաշտպանությամբ` ցանկացած անձանց հետ հարաբերություններում` ներառյալ դատարանում(…)»:

Օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խնամակալություն սահմանվում է տասնչորս տարին չլրացած անչափահասների , ինչպես նաեւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ»:

Օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Դատարանը պարտավոր է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել քաղաքացու բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնին` նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար »:

Օրենսգրքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ «Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին ճանաչվել էր անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ապա խնամակալը կամ հոգաբարձուն պարտավոր է միջնորդել դատարան ` խնամարկյալին գործունակ ճանաչելու եւ նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը կամ հոգաբարձությունը վերացնելու համար »:

Օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ «1. Չափահաս քաղաքացիների նկատմամբ խնամակալությունը եւ հոգաբարձությունը դադարում են խնամակալի, հոգաբարձուի կամ խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա` խնամարկյալին գործունակ ճանաչելու կամ նրա գործունակության սահմանափակումները վերացնելու մասին դատարանի վճռով:

2. Փոքրահասակ խնամարկյալի տասնչորս տարին լրանալիս նրա նկատմամբ խնամակալությունը դադարում է, իսկ խնամակալի պարտականություններ իրականացնող քաղաքացին, առանց այդ մասին լրացուցիչ որոշման, դառնում է անչափահասի հոգաբարձուն:

3. Անչափահասի նկատմամբ հոգաբարձությունն առանց հատուկ որոշման դադարում է նրա տասնութ տարին լրանալիս, ինչպես նաեւ մինչեւ չափահաս դառնալը` նրա ամուսնության եւ լրիվ գործունակություն ձեռք բերելու այլ դեպքերում (24 հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետեր)»:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ խնամակալությունը սահմանվում է անգործունակ քաղաքացիների իրավունքների եւ շահերի պաշտպանության համար եւ կարող է սահմանվել միայն տասնչորս տարին չլրացած անչափահասների (քաղաքացիական գործունակություն լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից) եւ հոգեկան խանգարման հետեւանքով դատարանով անգործունակ ճանաչված քաղաքացիների նկատմամբ: Եթե վերացել են հիմքերը, որոնց ուժով քաղաքացին ճանաչվել է անգործունակ, ապա խնամակալը պարտավոր է միջնորդել դատարան` խնամարկյալին գործունակ ճանաչելու եւ նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը վերացնելու համար:

Այսպիսով, 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված քաղաքացիների նկատմամբ խնամակալություն սահմանելու հարցը քննարկելիս նախ պետք է դիտարկել նրանց գործունակության հարցը՝ հաշվի առնելով խնամակալության ինստիտուտի նպատակային նշանակությունը:

Գործունակության հասկացությունը սահմանված է Օրենսգրքի 24-րդ հոդվածով, այն է՝ «իր գործողություններով քաղաքացիական իրավունքներ ձեռք բերելու եւ իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու ու դրանք կատարելու քաղաքացու ունակությունը (քաղաքացիական գործունակություն) լրիվ ծավալով ծագում է չափահաս, այսինքն` տասնութ տարեկան դառնալու պահից»:

Օրենսգրքի 25-րդ հոդվածը սահմանում է քաղաքացուն իրավունակությունից եւ գործունակությունից զրկելու ու դրանք սահմանափակելու անթույլատրելիությունը . «Քաղաքացու իրավունակությունը եւ գործունակությունը չեն կարող սահմանափակվել այլ կերպ, քան օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով»:

Օրենսգրքի 31-րդ հոդվածը բացահայտում է անգործունակության հատկանիշները` ամրագրելով, որ «1. Քաղաքացին, որը հոգեկան խանգարման հետեւանքով չի կարող հասկանալ իր գործողությունների նշանակությունը կամ ղեկավարել դրանք, կարող է դատարանով անգործունակ ճանաչվել` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով»:

2. Անգործունակ ճանաչված քաղաքացու անունից գործարքներ է կնքում նրա խնամակալը:

3. Եթե վերացել են այն հիմքերը, որոնց ուժով քաղաքացին անգործունակ է ճանաչվել, դատարանը նրան գործունակ է ճանաչում: Դատարանի վճռի հիման վրա վերացվում է նրա նկատմամբ սահմանված խնամակալությունը»:

Սահմանադրական դատարանն իր 2015 թվականի ապրիլի 7-ի ՍԴՈ-1197 որոշմամբ արձանագրել է, որ պետք է բացառել անձանց գործունակության նկատմամբ անհամաչափ միջամտությունները ՝ նաեւ առավել ամբողջական դարձնելով անձին «անգործունակ» (…) ճանաչելու հիմքերը:

Վերոգրյալից կարող ենք եզրակացնել, որ անձանց շրջանակը, որոնց նկատմամբ պետք է կայացվի որոշում, հիմքերը, որոնց առկայության դեպքում կարող է կայացվել համապատասխան որոշում, մարմինները, որոնք կայացնում են որոշումները, պետք է օրենքով հստակ սահմանված լինեն, որպեսզի անձը զրկվի գործունակությունից: Բացի այդ նմանատիպ կարգավորումները պետք է բացառեն անձանց գործունակության նկատմամբ անհամաչափ միջամտությունները :

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված քաղաքացիների շրջանակը բավականին լայն է: Կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի՝ «Բժշկաuոցիալական փորձաքննության ժամանակ oգտագործվող դասակարգիչները եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 780-Ն որոշման համաձայն՝

«5. Ինքնասպասարկման ապահովման ունակության սահմանափակումներն են՝

(…)

3-րդ աստիճան՝ ինքնասպասարկման ապահովման ունակության անկարողություն եւ այլ անձանցից լիակատար կախվածություն :

6. Տեղաշարժվելու կարողության սահմանափակումներն են՝

(…)

3-րդ աստիճան՝ ինքնուրույն տեղաշարժվելու անկարողություն եւ այլ անձանցից լիակատար կախվածություն:

7. Ուսումնառության կարողության սահմանափակումներն են՝

(…)

3-րդ աստիճան՝ ուսումնառության անկարողություն:

8. Կողմնորոշվելու կարողության սահմանափակումներն են՝

(…)

3-րդ աստիճան՝ կողմնորոշվելու անկարողություն:

9. Հաղորդակցվելու կարողության սահմանափակումներն են՝

(…)

3-րդ աստիճան՝ հաղորդակցվելու անկարողություն:

10. Սեփական վարքը հսկելու կարողության սահմանափակումներն են՝

(…)

3-րդ աստիճան՝ սեփական վարքը հսկելու լիովին անկարողություն եւ կողմնակի հսկողության անհրաժեշտություն:

11. Աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության սահմանափակումներն են՝

(…)

3-րդ աստիճան՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու անկարողություն, անհնարինություն կամ հակացուցվածություն:

(…)»:

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում որոշակի եւ հստակ չեն սահմանվում 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված քաղաքացիներին գործունակությունից զրկելու հիմքերի վերաբերյալ հստակ եւ որոշակի կարգավորումներ, բացի այդ բացակայում են անձանց այդ խմբին գործունակությունից զրկելու անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումները: Մասնավորապես, պարզ չէ, թե արդյոք 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված քաղաքացիների շրջանակում ընդգրկված անձինք անչափահասների եւ դատական կարգով անգործունակ ճանաչված անձանց նման ի վիճակի չեն ինքնուրույն իրականացնելու իրենց իրավունքներն ու պարտականությունները, քանի որ անձի նկատմամբ խնամակալության սահմանումը հնարավոր է միայն նշված դեպքերում:

Ողջունելով Նախագծերի փաթեթի հիմքում դրված նպատակը, այն է՝ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձանց սոցիալապես աջակցելը, կարծում ենք, որ այդ նպատակը կարող է իրականացվել այլ կառուցակարգով: Մասնավորապես՝ նույն 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Չափահաս գործունակ քաղաքացու խնդրանքով, որը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքները եւ կատարել պարտականությունները, նրա նկատմամբ կարող է սահմանվել պատրոնաժ: Պատրոնաժ սահմանելը չի հանգեցնում քաղաքացու իրավունքների սահմանափակման»:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծերի փաթեթի ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 1 -ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույնը վերաբերելի է Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող գլուխն առաջարկում ենք վերնագրել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 17.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված «սույն օրենքում նշված ժամկետում» հղումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 5-րդ մասի 1-ին կետի պահանջներին , քանի որ «Պետական նպաստների մասին» օրենքը չի պարունակում տարածքային կենտրոն անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու ժամկետների վերաբերյալ որեւէ ընդհանուր կարգավորում:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող 17.2-րդ հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին:

5. Առաջարկում ենք ««Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1 -ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Նույնը վերաբերելի է «Հայաստանի Հանարպետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագրին:

7. «Հայաստանի Հանարպետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ» բառը առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

8. Հասկանալի չէ, թե ինչով է պայմանավորված Նախագծերի փաթեթի մեջ ընդգրկված նախագծերի համար ուժի մեջ մտնելու տարբեր ժամկետներ սահմանելու անհրաժեշտությունը: Առաջարկում ենք Նախագծերի փաթեթի մեջ ընդգրկված նախագծերի ուժի մեջ մտնելու համար նախատեսել միասնական ժամկետներ:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին » ( փաստաթղթային կոդ ` Պ -3 56 - 12 .1 1 .2019- ԱՍ -011/0) , «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին » օրենքում լրացում կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -3 561 - 12 .1 1 .2019- ԱՍ -011/0) , «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -3 562 - 12 .1 1 .2019- ԱՍ -011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ -3 563 - 12 .1 1 .2019- ԱՍ -011/0) օրենքների նախագծերի փաթեթի վ երաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն. Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին », «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին » օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Փաթեթը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Փաթեթով առաջարկվում է սահմանել խնամակալության նպաստ եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել խնամքի կարիք ունեցողների խնամակալներ ին:

Փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՐԹՈՒՐ  ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

22 .11.2019 թ .






ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-356-12.11.2019-ԱՍ-011/0), «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3561 -12.11.2019-ԱՍ-011/0),«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3562 -12.11.2019-ԱՍ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3563 -12.11.2019-ԱՍ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ ` Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագծերի փաթեթը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծերի փաթեթով առաջարկվում է հնարավորություն տալ 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձանց նույնպես ունենալ խնամակալներ եւ սահմանել խնամակալության նպաստ: Ելնելով վերոգրյալից կարծում ենք, որ համապատասխան լրացման անհրաժեշտություն կա նաեւ գործող օրենքի 5-րդ հոդվածում, այն է՝ լրացնել պետական նպաստների տեսակները խնամակալության նպաստի տեսակով:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ա. Հարությունյան ( հեռ.՝ 011-513-273)

26.11.2019 թ .