ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-357-13.11.2019-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝

«1. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`

ա) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.

(…)

2. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`

ա) ավտոմոբիլային ճանապարհներ.

(…)

3. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձեւի, դասակարգվում են`

ա) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

(…)

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`

ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

բ) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

գ) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):

(…)»:

Նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն ՝

«Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական ճանապարհային մարմնի) տնօրինության եւ կառավարման ներքո: Պետական ճանապարհային մարմինը`

(…)

բ) ապահովում է ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբերումը, տեղադրումն ու շահագործումը.

գ) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ.

դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատվիրատուի իրավասությունները.

ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը.

զ) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների եւ դրանց ճանապարհային երթեւեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ.

(…)»:

Նույն օրենքի ՝ «Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման օբյեկտներով» վերտառությամբ 14-րդ հոդվածի համաձայն ՝

«1. Տրանսպորտային միջոցների, վարորդների եւ ուղեւորների սպասարկման համար ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում եւ պաշտպանական գոտիներում օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայաններ, ավտոկայաններ, առեւտրի եւ սպասարկման այլ օբյեկտներ, ինչպես նաեւ գովազդի միջոցներ:

2. Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում եւ պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների եւ գովազդի տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:

3. Օրենքով կարող է սահմանվել վճար` ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար:

(…)

6. Ընդհանուր օգտագործման պետական եւ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Վերոշարադրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (այդ թվում՝ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տնօրինության եւ կառավարման ներքո, որը եւ լիազորված է թույլտվություն տալ՝ ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում եւ պաշտպանական գոտում գովազդի տեղադրման վերաբերյալ:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքը բացառություն է նախատեսել միայն Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների համար, որտեղ գովազդի տեղադրման թույլտվություն տալու իրավասությունը պատկանում է Երեւանի ավագանուն:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխության դեպքում կստացվի, որ միեւնույն իրավասությամբ, այն է՝ գովազդների թույլտվություններ տրամադրելու իրավասությամբ, օժտված կլինեն միաժամանակ 2 մարմին՝ տվյալ համայնքի ավագանին (բացառությամբ Երեւան քաղաքի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

2. Առաջարկում ենք Նախագծի վերնագրում սահմանված երկրորդ «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշված «234-Ն» հերթական համարը փոխարինել «185» թվով, քանի որ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի հերթական համարը ՀՕ-185 է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա փոփոխություն կատարել «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում:

Նախագծին առնվող Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114),

Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)






ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ ` Պ-357-13.1 1 .2019-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վ երաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ս. Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագ ի ծ ը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության հետ կապված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» գործող օրենքում սահմանված բացառությունները հանել, դրանով իսկ համայնքներին իրավասություն վերապահելով թույլտվություն տալ նաեւ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում արտաքին գովազդի տեղադրման համար: Այս կապակցությամբ հարկ ենք համարում նշել հետեւյալը:

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում եւ պաշտպանական գոտում սպասարկման օբյեկտների եւ գովազդի (գովազդային վահանակի) տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին եւ այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ»:

Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Երեւանի միջով անցնող միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տնօրինության եւ կառավարման ներքո»: Իսկ նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` ընդհանուր օգտագործման պետական եւ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի (գովազդային վահանակի) տեղադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը հաստատելու մասին» 2006 թվականի հունվարի 19-ի N 765-Ն որոշմամբ սահմանված է, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների վրա գովազդ տեղադրելու թույլտվությունը տալիս է լիազոր մարմինը՝ ՀՀ ոստիկանության հետ գրավոր համաձայնեցմամբ: Վերը նշվածից հետեւում է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերը եւ պաշտպանական գոտիները գտնվում են պետական կառավարման լիազոր մարմնի տնօրինության ներքո: Հետեւաբար, համայնքի ավագանուն միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվություններ տալու իրավասություն վերապահելով, կարծում ենք, կառաջանա որոշակի հակասություն, քանի որ նշված ավտոմոբիլային ճանապարհները գտնվում են պետական կառավարման լիազոր մարմնի տնօրինության ներքո:

Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում), ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում գովազդ տեղադրողները (գովազդակիրները) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար վճարում են ճանապարհային հարկ` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ու ժամկետներում: Այսինքն, Նախագծի ընդունման դեպքում գովազդ տեղադրողները կվճարեն ինչպես տեղական տուրք, այնպես էլ ճանապարհային հարկ, ինչն էլ կմեծացնի նրանց հարկային բեռը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                          ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

Կատարող՝  Գ. Կիրակոսյան (հեռ.՝ 011 513-603)

2 9 .11.2019 թ .








ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-357-13.11.2019-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է նրանով, որ ներկայիս կարգավորմամբ համայնքները զրկված են տիրապետելու, տնօրինելու եւ օգտագործելու իրենց վարչական տարածքով անցնող հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող արտաքին գովազդից գոյացած ֆինանսական ռեսուրսները համայնքի կարիքների համար, ինչպիսի առավելություն տրված էԵրեւան քաղաքին:

Նախագծով առաջարկվում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքում կատարել փոփոխություն, որով, ըստ Նախագծի հեղինակի, կբացառվի տարբերակված մոտեցումը եւ համայնքները կկարողանան օգտագործել իրենց տարածքում տեղակայված արտաքին գովազդից գոյացած գումարները:

3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք «(այսուհետ` օրենք)» բառերը հանել՝ նկատի ունենալով, որ Նախագծում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքին այլեւս հղումչի կատարվում:

4. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետից հանել «բացառությամբ միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների (բացառությամբ Երեւան քաղաքի)» բառերը:

Հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը, ա նհրաժեշտ է փոփոխություն կատարել նաեւ Օ րենքի 12-րդ հոդվածի 14-րդ կետում:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-360)

25.11.2019թ.