ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-369-15.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանի, Աննա Կարապետյանի, Նազելի Բաղդասարյանի եւ Սերգեյ Ատոմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծով կատարվող փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից դուրս է մնում 335-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված հետեւյալ դրույթը. «Հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին օրենքով սահմանված կարգով դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին օրենքով սահմանված կարգով վճիռ կայացնելու համար»: Առաջարկում ենք նշված դրույթը ոչ թե հանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, այլ համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթին: Նշված առաջարկը հիմնավորվում է նրանով, որ հայցային վաղեմության ինստիտուտը նյութաիրավական ինստիտուտ է, եւ այդ ինստիտուտի նպատակային նշանակությունն արտահայտվում է նրանով, որ այդ ժամկետի լրանալը հանգեցնում է պահանջի մերժման: Ուստի, հայցային վաղեմության ինստիտուտի կարգավորման հիմնարար դրույթները, որոնք արտահայտում են վերջինիս իմաստն ու էությունը, սահմանվում են նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, որին համապատասխան ընթացակարգային կարգավորումներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Հետեւաբար առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում պահպանել նյութաիրավական հիմքը:

2. Նախագծով նշված օրենսգրքի վերնագիրը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:

3. Նախագծի 1-ին հոդվածում նշված «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                               ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                             ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118),

Մ. Մոսինյան (հեռ.՝ 011-513-491), (114)