ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-374-15.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրում նշված «ՀՀ» հապավումն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. Նախագծում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասին:

3. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «(այսուհետ`Օրենսգիրք)» բառերը՝ հաշվի առնելով, որ Նախագծում օրենսգրքին այլեւս հղում չի կատարվում:

4. Նախագծի 1 -ին հոդվածում նշված «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հ իմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

5. Նախագծով լրացվող հոդվածի վերնագրում եւ տեքստում կիրառվող «տեսագրություն» տերմինն առաջարկում ենք փոխարինել «տեսակապ» տերմինով` հաշվի առնելով այն, որ «տեսագրություն» տերմինն ստուգաբանվում է որպես շարժական կամ անշարժ պատկերների մագնիսական գրանցում` տեսողական ազդանշաններն էլեկտրամագնիսականի վերածելու միջոցով, մինչդեռ Նախագծի հիմնավորումներից բխում է, որ խոսքը հեռահաղորդակցության տեսակ հանդիսացող տեսակապի մասին է: Բացի այդ, լրացվող հոդվածով նախատեսված կարգավորումների իրականացումը հնարավոր է միայն տեսակապի պարագայում, օրինակ` հարցաքննությունը կատարում է գործով վարույթն իրականացնող քննիչը:

6. Նախագծով լրացվող հոդվածի վերնագրում եւ տեքստում նշված «վկայի եւ տուժողի» բառերն առաջարկում ենք փոխարինել «վկայի կամ տուժողի» բառերով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 3-րդ մասի 1-ին կետը:

7. Նախագծով լրացվող հոդվածի 2-րդ մասում Օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասին կատարված հղումն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծով լրացվող հոդվածի 2-րդ մասն իր բովանդակությամբ ամբողջությամբ կլանում է Օրենսգրքի 191-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթը, հետեւաբար վերջինս լրացվող դրույթի համար լրացուցիչ կարգ չի նախատեսում:

8. Նախագծով լրացվող հոդվածի ողջ տեքստում նշված «նախաքննության մարմնի քննիչը» բառերն առաջարկում ենք փոխարինել «քննիչը» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

9. Նախագծով լրացվող հոդվածի 4-րդ մասում Օրենսգրքի 206-րդ հոդվածով նախատեսված կարգին հղում կատարելիս առաջարկում ենք հղում կատարել նաեւ Օրենսգրքի 208-րդ հոդվածին, քանի որ206-րդ հոդվածը վերաբերում է վկայի հարցաքննության ընդհանուր կարգին, իսկ 208-րդ հոդվածով նախատեսվում է վկայի հարցաքննության առանձնահատուկ կարգխուլ, այլ ծանր հիվանդությամբ տառապող վկայի համար:

10. Նախագծով լրացվող հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ «Հարցաքննությունից առաջ վկայի եւ տուժողի գտնվելու վայրի նախաքննության մարմնի քննիչը կամ հետաքննության մարմինը ստուգում եւ հաստատում է վկայի եւ տուժողի ինքնությունը, իսկ գործով վարույթ իրականացնող քննիչը կատարում է հարցաքննությունը »: Մինչդեռ Օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է հետեւյալ կարգավորումը. «Հարցաքննությունից առաջ քննիչը հավաստիանում է վկայի ինքնության մեջ, տեղեկացնում, թե ինչ փաստի առիթով հարուցված քրեական գործով է նա կանչվել, եւ նախազգուշացնում է գործով նրան հայտնի ամեն ինչ պատմելու պարտականության, ինչպես նաեւ ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, գրավոր տեղեկացնում է իր, ամուսնու եւ մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու նրա իրավունքի մասին, եթե վկան ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ, ինչպես նաեւ այն մասին, որ նրա ցուցմունքը կարող է օգտագործվել որպես ապացույց: Դրանից հետո քննիչը պարզում է կասկածյալի, մեղադրյալի, տուժողի հետ վկայի փոխհարաբերության բնույթը եւ սկսում է հարցաքննությունը »: Այսպիսով, Նախագծում առկա կարգավորման շրջանակից դուրս են մնում Օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված մի շարք գործողություններ, որոնք պիտի կատարվեն վկայի հարցաքննությունն սկսելուց առաջ: Առաջարկում ենք Նախագծում հստակ նշել, թե որ սուբյեկտի կոմից պիտի իրականացվեն Օրենսգրքի 206-րդ հոդվածի 4-րդ մասում նշված գործողությունները:

11. Նախագծով լրացվող հոդվածի 5-րդ մասը նախատեսում է, որ «Տեսագրության միջոցով վկայի եւ տուժողի հարցաքննության ընթացքը եւ արդյունքները ձայնագրվում եւ (կամ) տեսագրվում են տեխնիկական միջոցներով»: Լրացվող հոդվածի 5-րդ մասի ձեւակերպումից հասկանալի չէ, թե ինչպես պետք է ձայնագրվի կամ տեսագրվի հարցաքննության արդյունքը, ուստի առաջարկում ենք հստակեցնել նշված կարգավորումը:

12. Նախագծով լրացվող հոդվածի 5-րդ մասը պարունակում է հղում Օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասին, մինչդեռ Օրենսգրքի 209-րդ հոդվածում բացակայում է 3.1-րդ մասը: Ուստի, առաջարկում ենք հստակեցնել վկայի առարկության բացակայության դեպքին վերաբերող կարգավորումը:

13. Նախագծով լրացվող հոդվածի 7-րդ մասի համաձայն` «Տեսագրության միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն հոդվածով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն օրենսգրքի 29-րդ եւ 209-րդ հոդվածներով շարադրված առանձնահատկությունները»: Առաջարկում ենք վերոնշյալ դրույթի ձեւակերպումը նախատեսել հետեւյալ կերպ` «Տեսագրության միջոցով հարցաքննության արձանագրությունը կազմվում է սույն օրենսգրքի 29-րդ եւ 209-րդ հոդվածներով սահմանված կանոնների պահպանմամբ` հաշվի առնելով սույն հոդվածով շարադրված առանձնահատկությունները»` հաշվի առնելով այն, որ քրեական գործի ընթացքի արձանագրման եւ հարցաքննության արձանագրության վերաբերյալ պարտադիր կանոնները նախատեսված են Օրենսգրքի համապատասխանաբար 29-րդ եւ 209-րդ հոդվածներում, իսկ առանձնահատկությունները կարող են ամրագրվել Նախագծով լրացվող հոդվածում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)