ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-385-21.11.2019-ՊԻ-011/0) եւ ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-3851 -21.11.2019-ՊԻ-011/0) վերաբեր յալ

Կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության Սահմանդրությամբ երաշխավորվում է սեփականության իրավունքը: Մասնավորապես՝ Սահմանդրության 10- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում եւ հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլորը ձեւերը»: Սահմանադրության 60- րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրավունք»:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածում սահմանվում է սեփականության իրավունքի հասկացությունը եւ բովանդակությունը, այն է՝ « Սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով եւ այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու իրեն պատկանող գույքը: Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաեւ դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի եւ այլ ձեւերով: Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է »:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն ՝ « Գույքի օգտագործման արդյունքում ստացվածը ( պտուղները , արտադրանքը , եկամուտները ) պատկանում է այդ գույքն օրինական հիմունքներով օգտագործող անձին , եթե այլ բան նախատ եսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ այդ գույքի օգտագործման մասին պայմանագրով »:

Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող փոփոխության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունը նախատեսվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Գրավի իրավունքը տարածվում է գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների վրա, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով »:

Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված փոփոխության արդյունքում, կարծում ենք, որ կարող է արժեզրկվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 144-րդ հոդվածով նախատեսված գույքի օգտագործման իրավունքի ինստիտուտը՝ հանգեցնելով գույքն օգտագործող երրորդ անձի սեփականության իրավունքի խախտման: Մասնավորապես՝ Նախագծում սահմանված իրավակարգավորման ուժով այն դեպքերում, երբ երրորդ անձանց օգտագործմանը հանձնված գրավի առարկան գրավադրվում է, եւ գրավի պայմանագրով (նույնիսկ գրավի պայմանագրով նախատեսված լինելու դեպքում այս բախումը կարող է առաջանալ, մասնավորապես, երբ սեփականատերն իր գույքը օգտագործման իրավունքով տվել է այլ անձի, ապա այդ գույքի օգտագործման պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում գույքի օգտագործման արդյունքում ստացվածը համարվում է օգտագործողի սեփականությունը, հետեւաբար այդ գույքի գրավադրման պարագայում գրավի պայմանագրով այլ բան նախատեսելն ինչքանով կարող է համարվել իրավական) չեն կարգավորվում գրավ դրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների հետ կապված հարաբերությունները, բախում է առաջանում գրավադրված գույքի օգտագործման արդյունքում ստացված պտուղների, արտադրանքի եւ եկամուտների նկատմամբ օգտագործողների իրավունքների եւ գրավադրված գույքի սեփականատիրոջ իրավունքների միջեւ: Հետեւաբար նման կարգավորման արդյունքում կարող է խախտվել սեփականատեր չհանդիսացող օրինական հիմունքներով գրավի առարկա գույքն օգտագործող անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը: Բանն այն է, որ գրավի առարկա հանդիսացող գույքն օրինական հիմունքներով տիրապետող անձն օգտագործման իրավունքը ձեռք բերելիս օրինական ակնկալիք է ունենում գ ույքի օգտագործման արդյունքում ստացվածի, այն է՝ պտուղների , արտադրանքի , եկամուտների նկատմամբ ձեռք բերելու սեփականության իրավունք , իսկ հետագայում այդ նույն գույքի՝ գրավի առարկա դառնալու պայմաններում երրորդ անձի սեփականության իրավունքը ծանրաբեռնվում է գրավի իրավունքով:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 225.1-ին հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասությունն ուժը կորցրած է ճանաչվում: Մինչդեռ ապահովված իրավունքի առարկայի որոշիչ հատկանիշները նշելը շարունակում է մնալ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման համար անհրաժեշտ պայման՝ ըստ «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին կետի «զ» ենթակետի: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված կարգավորումները վերաբերելի են միայն ապահովված իրավունքի առարկայի ընդհանուր նկարագրությանը, արդյունքում անորոշ է մնում, թե որոնք են ապահովված իրավունքի առարկայի որոշակի նկարագրության չափանիշները:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում նշել օրենքի հերթական համարը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն առաջարկը վերաբերելի է ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետին եւ 4-րդ հոդվածին:

4. Առաջարկում ենք ««Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «բ», «գ» ենթակետերում, 3-րդ հոդվածի 1-ին կետում «հետեւյալ» բառը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                              ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող՝Զ. Հովասափյան (հեռ. 011-513-248), (118)