ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-393-27.11.2019-ՊԱ-011/0), ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-3931 -27.11.2019-ՊԱ-011/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Պ-393 2 -27.11.2019-ՊԱ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ միասին` Նախագծերի փաթեթ) իրավական փորձաքննության են ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծերի փաթեթի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի համաձայն՝

« 1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

(…)

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը »:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքը կարգավորում է քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման , ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները»:

Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Զինվորական ծառայությունը ներառում է`

1) զորակոչի` պարտադիր կամ զորահավաքային կամ պայմանագրի կնքման կամ վարժական հավաքի կանչվելու միջոցով զինվորական ծառայությանը ներգրավումը.

2) զինվորական պաշտոնի նշանակումը եւ զինվորական կոչման շնորհումը .

3) զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակից բխող պարտականությունների իրականացումը.

4) զինվորական ծառայությունից արձակումը »:

Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ «1. Զինվորական ծառայության կազմակերպման սկզբունքներն են՝

(…)

4) զինծառայողների արհեստավարժությունը.(…)»:

Վերլուծելով մեջբերված իրավական նորմերը՝ կարող ենք եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, եւ զինվորական ծառայությունը ներառվում է այդ պարտականության շրջանակներում: Նշված սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավաճակի մասին» օրենքով:
Օրենքը հստակ սահմանում է զինվորական ծառայության բաղադրատարրերը, այդ թվում՝ օրենքով սահմանված հիմքը , որով քաղաքացին ներգրավվում է զինվորական ծառայությանը, զինվորական պաշտոնի նշանակումը եւ զինվորական կոչման շնորհումը:

«Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) կարգավորումներից հասկանալի չէ, թե որն էարագացված ընթացակարգով զինվորական ծառայության ներգրավվելու հիմքը: Նախագիծը պարունակում է կարգավորումներ միայն քաղաքացու կողմից դիմում ներկայացնելու եւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից արագացված ընթացակարգով զինվորական պատրաստություն անցնելու թույլտվություն տալու մասին հրամանի ընդունման վերաբերյալ, մինչդեռ հիմքը, որով անձը համարվելու է զինվորական ծառայությանը ներգրավված, բացակայում է: Բացակայում են նշված հարցին վերաբերելի կարգավորումները նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավաճակի մասին» օրենքում:

Զինվորական պաշտոնի նշանակման եւ զինվորական կոչման շնորհման հարաբերությունները կարգավորվում են «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով, որի դրույթները կիրառելի չեն Նախագծով սահմանված արագացված ընթացակարգով զինվորական ծառայության նկատմամբ՝ հաշվի առնելով դրանց նշանակման ժամկետները եւ օրենքով զինվորական ծառայության տեսակների մասին արված կոնկրետ նշումները, օրինակ՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «1.«Շարքային» զինվորական կոչում շնորհվում է`

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին` զորամասի (զինվորական կառավարման մարմնի) անձնակազմի ցուցակներում գրանցելիս.

2) զինվորական կոչում չունեցող եւ սույն օրենքով սահմանված կարգով պահեստազոր փոխանցվող քաղաքացիներին` պահեստազորում հաշվառելիս.

3) ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիներին` որպես կուրսանտ գրանցելիս.

4) սույն օրենքով սահմանված կարգով առաջին անգամ պայմանագրային զինվորական ծառայության ներգրավվող իգական սեռի քաղաքացիներին` զինվորական պաշտոնի նշանակելիս»:

Արդյունքում Նախագծով զինվորական ծառայության տեսակների ցանկին ավելացվում է զինվորական ծառայության տեսակ՝ արագացված ընթացակարգով, որը չի համապատասխանում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով զինվորական ծառայությանը ներկայացվող պահանջներին, որի արդյունքում այդ ընթացակարգով ծառայությունը չի կարող համարվել զինվորական, հետեւաբար նաեւ սահամանադրական պարտականության կատարման ձեւ:

Բացի այդ Նախագծերի փաթեթով նախատեսվող զինվորական ծառայության տեսակը պարունակում է կարգավորում այդ ծառայության մեկ ամիս ժամկետով լինելու վերաբերյալ, որի ընթացքում զինվորական ծառայության իրավունք ունեցող անձը պետք է սովորի զինված ուժերում ծառայելու բոլոր կանոնները, որոշ զինատեսակներից օգտվելու կարգը: Մինչդեռ զինվորական ծառայության կազմակերպման սկզբունք է համարվում զինծառայողների արհեստավարժությունը: Կարծում ենք, որ մեկամսյա ժամկետում արհեստավարժության ապահովման հնարավորության տեսանկյունից եւս կարող են առաջանալ խնդիրներ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք, Նախագծի՝ Սահմանադրությանը համապատասխանությունն ապահովելու նպատակով, արագացված ընթացակարգով զինվորական ծառայության համար սահմանել այնպիսի չափանիշներ, որոնք հնարավորություն կտան Օրենքին համապատասխան այդ ծառայությունը լիարժեքորեն դիտարկել որպես զինվորական ծառայություն եւ դրանով իսկ ապահովել արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահամանադրական պարտականության կատարումը:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում արված վրիպակն առաջարկում ենք ուղղել՝ «ենթակա» բառից հետո ավելացնելով «անձ» բառը:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունում արված վրիպակն առաջարկում ենք ուղղել՝ հանելով «ծառայություն» բառից առաջ գրված երկրորդ «զինվորական» բառը:

3. Նախագծի 8-րդ հոդվածն առաջարկում ենք վերնագրել «Անցումային եւ եզրափակիչ դրույթներ»՝ հաշվի առնելով, որ հոդվածը պարունակում է կարգավորում ենթաօրենսդրական ակտի ընդունման ժամկետի վերաբերյալ եւս:

4. ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի միայն զինվորական ծառայության տեսակներին եւ ժամկետներին վերաբերող 5-րդ հոդվածում, մինչդեռ զինվորական ծառայության նոր տեսակի նախատեսումը ենթադրում է նաեւ լրացումների կատարում նույն օրենքիզինվորական ծառայության կազմակերպման սկզբունքներին եւ ձեւերին վերաբերող 4-րդ հոդվածում, զինվորական ծառայության սկզբին եւ ավարտին վերաբերող 6-րդ հոդվածում, զինվորական ծառայության պաշտոններին եւ զինվորական կոչումներին վերաբերող 3-րդ գլխի մի շարք հոդվածներում: Ուստի առաջարկում ենք «Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի կարգավորումները համապատասխանեցնել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի վերոնշյալ հոդվածների կարգավորումներին: Բացի այդ, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասը պարունակում է հետեւյալ կարգավորումը. «Պարտադիր զինվորական ծառայությունը կարող է փոխարինվել այլընտրանքային ծառայությամբ` օրենքով սահմանված կարգով, պայմաններով եւ ժամկետներով: (…)»: Օրենքում պարտադիր զինվորական ծառայությունն այլ ծառայությամբ փոխարինելու վերաբերյալ այլ կարգավորումները բացակայում են: Ուստի առաջարկում ենք նախագծերի փաթեթի կարգավորումներին համապատասխան 5-րդ հոդվածի 7-րդ մասի տրամաբանությամբ դրույթ նախատեսել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավաճակի մասին» օրենքում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                         ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)