ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-396-29.11.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքներիպահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 1-ին հոդվածում «, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ սահմանված փորջաշրջանի ժամկետի չափով» բառերից հետո ավելացնել «բառերը» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը :

3. Նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմամբ առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածի 2-րդ մասում «մեկից երեք տարի ժամկետով» բառերից հետո լրացնել «, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ սահմանված փորձաշրջանի ժամկետի չափով» բառերը, որի արդյունքում ստացվում է, որ Օրենսգրքի 52-րդ հոդվածով նախատեսված «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը» պատժի համար, որպես լրացուցիչ պատիժ , մեկից երեք տարի ժամկետով նշանակելու կանոնից նախատեսվում է բացառություն, այն է՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում նշված լրացուցիչ պատժի ժամկետը սահմանափակելով սահմանված փորջաշրջանի ժամկետի չափով:

Օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ «1. Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում ՝ հաշվի առնելով սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

2. Պատժի տեսակը եւ չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով:

3. Հանցագործության համար նախատեսված պատիժներից առավել խիստը նշանակվում է, եթե նվազ խիստ տեսակը չի կարող ապահովել պատժի նպատակները»:

Օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը որպես հիմնական պատիժ սահմանվում է երկուսից յոթ տարի ժամկետով ՝ դիտավորյալ հանցագործությունների համար, եւ մեկից հինգ տարի ժամկետով ՝ անզգույշ հանցագործությունների համար, իսկ որպես լրացուցիչ պատիժ՝ մեկից երեք տարի ժամկետով:

3. Որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը կարող է նշանակվել այն դեպքում, երբ դատարանը, ելնելով հանցավորի պաշտոնավարության կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու ժամանակ նրա կատարած հանցագործության բնույթից, հնարավոր չի գտնում պահպանել որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու նրա իրավունքը(…)»:

Օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձեւով պատիժ նշանակելով, հանգում է հետեւության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

2. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:

3. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ մեկից հինգ տարի ժամկետով:

4. Ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելիս կարող են նշանակվել լրացուցիչ պատիժներ, բացի գույքի բռնագրավումից (…) »:

Օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն՝ «1. Անձը դատվածություն ունեցող է համարվում մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ դատվածությունը մարվելու կամ հանվելու պահը:

(…)

3. Դատվածություն չունեցող են համարվում այն անձինք, ովքեր դատարանի դատավճռով դատապարտվել են առանց պատիժ նշանակելու կամ դատարանի դատավճռով ազատվել են պատիժը կրելուց կամ պատիժը կրել են այնպիսի արարքի համար, որի հանցավորությունն ու պատժելիությունը վերացված են օրենքով:

4. Դատվածությունը մարվում է՝

1) պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում՝ փորձաշրջանն անցնելուց հետո.

2) ազատազրկումից ավելի մեղմ պատժի դատապարտված անձանց նկատմամբ՝ նշանա կված պատիժը կրելուց մեկ տարի անցնելուց հետո.

(…)

5. Եթե անձն օրենքով սահմանված կարգով պայմանական վաղաժամկետ ազատվել է պատիժը կրելուց, կամ պատժի չկրած մասը փոխարինվել է ավելի մեղմ պատժով, ապա դատվածությունը մարելու ժամկետը հաշվարկվում է հիմնական պատիժը եւ լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու պահից:

(…)

8. Դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետեւանքները (…)»:

Վերոգրյալ դրույթների վերլուծության արդյունքում կարող ենք նշել, որ պատժի տեսակը եւ չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Այլ չափանիշների նախատեսումը կարող է դիտարկվել պատժի նշանակման սկզբունքների խախտում: Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը որոշում է նշանակել որոշակի ժամկետով փորձաշրջան՝ հ աշվի առնելով հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները:

Նախագծով կատարվող լրացմամբ առաջարկվում է փոխկապակցել լրացուցիչ պատժի , այն է՝ «որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու» ժամկետը պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում նշանակվող փորձաշրջանի ժամկետի հետ, ինչը, կարծում ենք, կարող է լինել խնդրահարույց, քանի որ յուրաքանչյուր դեպքում դատարանը, առաջնորդվելով մի շարք տարբեր սկզբունքներով եւ հանգամանքներով, պետք է որոշի, թե որն է տվյալ դեպքում նպատակահարմար ժամկետ:

Նախագծով առաջարկվող կարգավորումը, կարծում ենք, առավել նպատակահարմար է նախատեսել Օրենսգրքի դատվածությանը վերաբերող 84-րդ հոդվածում:

4. Նախագծի 2-րդ հոդվածում նշված «հրապարակման օրվան» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                        ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարող` Մ. Մնացականյան (հեռ.` 011-513-248), (118)