ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-399-02.12.2019-ՊԻ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածում, ըստ որի՝ պետական կազմակերպության գործադիր մարմինը «չի կարող աշխատանքի նշանակել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր), եթե (…)»: Նախագծի հիմնավորման համաձայն՝ Նախագծի նպատակն է կարգավորել պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում շահերի բախման հետ կապված հարաբերությունները: Գտնում ենք, որ Նախագծի 1-ին հոդվածով լրացվող դրույթով սահմանված սուբյեկտների շրջանակը սահմանափակ է: Հարկ է նկատել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով կարգավորվում են հանրային ծառայության ոլորտում շահերի բախման հետ կապված հարաբերությունները, եւ նույն հոդվածի 8-րդ մասով թվարկված սուբյեկտների շրջանակն ավելի լայն է: Նախագծի հիմնավորմամբ նշված նպատակի ամբողջական իրագործումն ապահովելու նպատակով՝ առաջարկում ենք Նախագծով նախատեսված սուբյեկտների շրջանակը համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով թվարկված սուբյեկտների շրջանակին:

2. Նախագծի վերնագրից առաջարկում ենք հանել երկրորդ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1 2 -րդ հոդվածի 5 -րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը :

3. Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ» բառերը, քանի որ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է կատարել նաեւ փոփոխություն` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:

4. Նախագծի 1-ին հոդվածում «20 01 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը :

5. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «հետեւյալ բովանդակությամբ» բառերը` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավակարգավորումը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                  ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

 Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201),

  Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)





ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

 Կատարողներ` Մ. Վասիլյան հեռ. ( 011-513-616), (201),

  Գ. Մամյան (հեռ.՝ 011-513-361), (108)