ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Խ-401-02.12.2019-ՖՎ-011/0) վերաբերյալ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված օրենսգրքի վերնագիրն առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 377-րդ հոդվածի 3-րդ մասում առկա վրիպակներն առաջարկում ենք ուղղել՝ «պարտապանի» բառը փոխարինելով «պարտատիրոջ» բառով:

3. Նախագծի հիմնավորմամբ նախանշված նպատակները համադրելով Նախագծով սահմանված կարգավորումների հետ՝ հարկ ենք համարում նշել հետեւյալը.

Երաշխավորությունը պարտավորությունների կատարման ապահովման միջոցներից է:Երաշխավորության ապահովող բնույթն այն է, որ երաշխավորության ուժով ծագում է հիմնական պարտավորության նկատմամբ լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն: Արդյունքում հիմնական պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում պարտատերը հնարավորություն է ստանում՝ իր պահանջները ներկայացնելու երաշխավորին:

Նախագծի հիմնավորումից բխում է, որ դրա նպատակն է անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի իրավունքները պաշտպանել վարկառուի վարկային պարտավորությունների համար համապարտ պարտավորություն ստանձնելու դեպքում: Մինչդեռ, հարկ է նկատել, որ նշված նպատակի իրականացման համար փոփոխություն է նախատեսվում երաշխավորության ինստիտուտի իրավակարգավորման ուղղության մեջ: Արդյունքում բավականին կոշտ կարգավորումներ են նախատեսվում նաեւ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող պարտատերերի համար իրենց նկատմամբ պարտավորությունների կատարումը երաշխավորի միջոցով ապահովելու դեպքերում: Հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված երաշխավարությունը՝ որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, կիրառվում է ոչ միայն բանկ կամ վարկային կամակերպություն հանդիսացող պարտատերերի, այլ նաեւ փոխառությունների ոլորտում մասնագիտացված սուբյեկտ չհամարվող մի շարք այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից: Արդյունքում բանկ կամ վարկային կամակերպություն չհանդիսացող պարտատերերի համար նախատեսվում են երաշխավորության մի շարք սահմանափակումներ, որոնք կարող են հանգեցնել նշված սուբյեկտների կողմից պարտավորության կատարումն ապահովող այս միջոցի կիրառման աննպատակահարմարության կամ անարդյունավետության: Ուստի, գտնում ենք, որ Նախագծով նախատեսված կարգավորումները հարկ է տարածել միայն բանկ, վարկային կազմակերպություն հանդիսացող պարտատերերի հետ ծագող հարաբերությունների վրա՝ ֆիզիկական անձանց իրավունքների ուժեղացված պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Վերոգրյալի համատեքստում գտնում ենք նաեւ, որ Նախագծով նեղացվում է սուբսիդիար պատասխանատվության բովանդակությունը համեմատած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածով նախատեսված իրավադրույթների հետ: Այսպես,

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 415-րդ հոդվածի համաձայն՝ « 1. Մինչեւ պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին:

2. Եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին:

3. Պարտատերն իրավունք չունի հիմնական պարտապանին ուղղված իր պահանջի բավարարումը պահանջել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձից, եթե այն կարող է բավարարվել հիմնական պարտապանի դեմ ուղղված հակընդդեմ պահանջի հաշվանցով:

4. Սուբսիդիար պատասխանատվություն կրող անձը, մինչեւ պարտատիրոջ կողմից իրեն ներկայացված պահանջը բավարարելը, պետք է այդ մասին զգուշացնի հիմնական պարտապանին, իսկ եթե իր դեմ հայց է հարուցվել` վերջինիս մասնակից դարձնի գործին: Հակառակ դեպքում հիմնական պարտապանն իրավունք ունի սուբսիդիար պատասխանատվություն կրող անձի հետադարձ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա ունեցել է պարտատիրոջ պահանջների հանդեպ »:

Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 377-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Սույն հոդվածի իմաստով երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը նշանակում է, որ պարտապանի կողմից պարտատիրոջ առջեւ իր պարտականությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում պարտատերը երաշխավորին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե պարտապանը չի բավարարել պարտատիրոջ պահանջը եւ սպառվել են պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները:

Սույն մասի իմաստով` պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները սպառված են համարվում հետեւյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում`

1) պարտապանը ճանաչվել է սնանկ.

2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` պարտապանի գույքի բացակայության կամ անբավարության կամ պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.

3) պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ պարտապանի պարտավորությունների կատարման համար»:

Կարծում ենք, որ պարտատիրոջ պահանջը չբավարարելու եւ պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները սպառելու չափանիշների նախատեսումը նաեւ բանկ կամ վարկային կամակերպություն չհանդիսացող պարտատերերի հետ հարաբերությունների շրջանակում անհամաչափ կծանրաբեռնի բանկ կամ վարկային կամակերպություն չհանդիսացող պարտատիրոջը՝ պարունակելով երաշխավորության ինստիտուտի արժեզրկման վտանգ: Մի շարք պարտատերեր, կանխատեսելով երաշխավորության միջոցով իրենց պարտավորությունների ապահովման բարդությունները, որոնք կառաջանան վկայակոչված սահմանափակումների արդյունքում, կա՛մ պարզապես իրավահարաբերության մեջ չեն մտնի, կա՛մ կդիմեն ապահովման այլ միջոցների:

Ամփոփելով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք Նախագծով սահմանված կարգավորումները կիրառելի դարձնել միայն այն պարտավորությունների համար, որոնցում պարտատերը բանկն է կամ վարկային կազմակերպությունը:

4. Նախագծով սահմանված են մի շարք դրույթներ, որոնք լրացուցիչ նախատեսելու անհրաժեշտությունը, կարծում ենք, բացակայում է, քանի որ համարժեք կարգավորումներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում արդեն իսկ առկա են: Օրինակ՝ Նախագծի 2-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 377-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությունը, 6-րդ մասը (նշված դրույթները բխում են հիմնական եւ լրացուցիչ պարտավորությունների հարաբերակցության էությունից), 8-րդ մասը (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 3-րդ մաս):

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                                 ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԻՐԱՎԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                           ԱՆԻ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Կատարողներ` Գ. Մամյան (հեռ. 011-513-361), (108),

Մ. Մնացականյան (հեռ. 011-513-248), (118)



ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Խ-401-02.12.2019-ՖՎ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օր ենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ֆինանսատնտեսագիտական փորձաքննության բաժնում: Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը համապատասխանում է « Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67- րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25- րդ կետի պահանջներին :

2. Նախագծով առաջարկվում է պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորի համար սահմանել սուբսիդիար պատասխանատվություն ( բացառությամբ որոշ դեպքերի) օրենքով սահմանված համապարտ պատասխանատվության փոխարեն: Բացի այդ, առաջարկվում է նաեւ ս ահմանել նոր դրույթներ , որոնք սահմանված չեն գործող քաղաքացիական օրենսգրքով , սակայն, հեղինակի կարծիքով, խիստ անհրաժեշտ են երաշխավորի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար , մասնավորապես `

1) ա նհատ ձեռնարկատեր եւ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորների հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը ` թվային արտահայտությամբ,

2) ե րաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը , որով տրամադրվել է երաշխավորությունը,

3) ե թե պարտապանի պարտավորության ծավալը որեւէ հիմքով , այդ թվում ` պարտավորությունների մորատորիումի ( սառեցման ) հիմքով , նվազում կամ դադարում է աճել , ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում կամ դադարում է աճել եւ այլն:

Ընդհանուր առմամբ, սույն Նախագծի ընդունումը դրական ազդեցություն կարող է ունենալ վարկառուների եւ նրանց համար երաշխավորություն ներկայացրած անձանց համար եւ կնպաստի համապատասխան հարաբերությունների հստակեցմանը:

Նախագծի վերաբերյալ կցանկանայինք ներկայացնել մեկ նկատառում՝ կապված դրա 1-ին հոդվածով առաջարկվող լրացման հետ: Մասնավորապես, առաջարկում ենք այդ լրացման «Անհատ ձեռնարկատեր» բառակապակցությունից հետո ավելացնել «, նոտար» բառը, քանի որ նոտարներն ունեն յուրահատուկ կարգավիճակ եւ դուրս են մնացել առաջարկվող իրավակարգավորումների շրջանակից:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ                                                     ԱՐԹՈՒՐ ԹԱՄԱԶՅԱՆ

(հեռ.` 011 513-668)

09.12.2019թ.



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-401-02.12.2019-ՖՎ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելումասին» օրենքի նախագիծը  (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալական, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի հեղինակը կարեւորելով երաշխավորի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, առաջարկում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում: Հեղինակի համոզմամբ, երաշխավորը պետք է կրի սուբսիդիար պատասխանատվություն` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ երաշխավորության ինստիտուտը պետք է հանդիսանա առավելապես հավելյալ ապահովման միջոց:

3. Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հնարավորություն կտան պաշտպանելու երաշխավորների շահերը: Մասնավորապես՝Նախագծով նախատեսվում է ե րաշխավորին պարտապանի պարտավորության վերաբերյալ ծանուցումների մեխանիզմներ, ըստ որի պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ոչ ուշ քան դրա հաջորդ աշխատանքային օրը երաշխավորը պետք է ծանուցվի: Ընդ որում՝ երաշխավորին չծանուցած օրերի համար տույժ, տուգանքներ չի թույլատրվում հաշվարկել ու գանձել:

Յուրաքանչյուրանգամ, երբ կատարվում է պարտապանիպատասխանատվությունը մեծացնող կամ իր համար այլ անբարենպաստ հետեւանքներ առաջացնողփոփոխություն, պահանջվում է երաշխավորի համաձայնությունը:

4. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «առաջացող հարաբերությունների» բառերն առաջարկում ենք փոխարինել «գործող հարաբերությունների» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ,

ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան(հեռ. 011-513-270)

13.12.2019թ.